PwC-ն ներկայացրել է Հարկային օրենսգրքի` ուժի մեջ մտած կարեւոր դրույթները

07.03.2017 | 09:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Հարկային օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 2018թ. հունվարի 1-ից, սակայն որոշ դրույթներ ուժի մեջ են մտնում այդ ամսաթվից ավելի վաղ կամ ավելի ուշ: «ՓրայսուոթերհաուսԿուպերս» Արմենիա (PwC) ընկերությունը ներկայացնում է 2017-ից Հարկային օրենսգրքով ուժի մեջ մտած մի շարք դրույթներ:

- Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ունեցող հարկ վճարողի կամ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների խմբի կողմից ապրանքների ներմուծումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետություն չհամարվող պետություններից ազատվում է ԱԱՀ-ից, եթե այդ ապրանքները կամ դրանց վերամշակման արդյունքում ստացված ապրանքները արտահանվում են (այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ պետություններ) ներմուծման օրվանը հաջորդող 180 օրվա ընթացքում: Սույն դրույթն ուժի մեջ է մտել 2017թ. հունվարի 1-ից եւ տարածվում է այդ պահից հետո կատարվող ներմուծումների վրա:

- Բանկերի, վարկային կազմակերպությունների եւ այլ հարկ վճարողների կողմից կնքվող ածանցյալ ֆինանսական գործիքների օտարումը, փոխանցումը, փոխանակումը կամ այլ օտարումը, ինչպես նաեւ այդ գործիքներով նախատեսված բոլոր վճարումների կատարումը ազատվում է ԱԱՀ-ից: Սակայն, ԱԱՀ-ից չեն ազատվում այն վճարումները, որոնք իրականացվում են այնպիսի գույքի փաստացի մատակարարման դիմաց, որի օտարումը ենթակա է ԱԱՀ-ով հարկման: Սույն դրույթն ուժի մեջ է մտել 2017թ. հունվարի 1-ից եւ տարածվում է այդ պահից հետո կնքվող ածանցյալ ֆինանսական գործիքների վրա:

- «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում ածանցյալ ֆինանսական գործիքների միասնական գրանցամատյանում գրանցված ածանցյալ ֆինանսական գործիքներով ստացվող այն վճարումները, որոնք ձեւավորվել են պարտավորությունների հաշվանցի եւ (կամ) զուտացման արդյունքում, համարվում են եկամուտ շահութահարկի հարկման բազան որոշելիս: Միաժամանակ, ածանցյալ ֆինանսական գործիքներով կատարվող այն վճարումները, որոնք ձեւավորվել են պարտավորությունների հաշվանցի եւ (կամ) զուտացման արդյունքում, նվազեցվում են համախառն եկամտից: Սույն դրույթներն ուժի մեջ են մտել 2017թ. հունվարի 1-ից եւ տարածվում են դրանից հետո կնքվող ածանցյալ ֆինանսական գործիքների վրա:

- «Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» ՀՀ օրենքի համաձայն ստեղծված արժեթղթավորման հիմնադրամի զուտ ակտիվների հանրագումարը համարվում է շահութահարկով հարկման օբյեկտ: Շահութահարկի դրույքաչափը արժեթղթավորման հիմնադրամների համար 0.01% է: Սույն դրույթն ուժի մեջ է մտել 2017թ. հունվարի 1-ից:

- Շահաբաժինների ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված բաժնետերերի (փայատերերի) ժողովի կողմից հաշվետու տարվա գործունեության արդյունքներով ստացված շահույթից շահաբաժինների բաշխման մասին որոշման ընդունման օրը, բայց ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա հունիսի 30-ը: Հարկի հաշվարկման համար հիմք հանդիսացող՝ եկամտի վճարում է համարվում շահաբաժինների բաշխման մասին որոշման ընդունումը կամ վերը նշված ժամկետի լրանալը: Սույն դրույթները ոչ ռեզիդենտ կազմակերպությունների ստացած շահաբաժինների մասով ուժի մեջ են մտել 2017թ. հունվարի 1-ից եւ տարածվում են 2017թ. հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածներին վերագրվող շահաբաժինների վրա:

- Ռեզիդենտ շահութահարկ վճարողները եւ մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները շահութահարկի կանխավճարները կարող են կատարել այլընտրանքային եղանակով` ընթացիկ հարկային տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար շահութահարկի կանխավճարները կատարելով նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, ծառայությունների մատուցումից եւ (կամ) աշխատանքների կատարումից ստացվող եկամուտների 2%-ի չափով, եթե հարկային մարմին են ներկայացրել սահմանած ձեւի հայտարարություն մինչեւ 2017թ. մարտի 20-ը: 2017թ. ընթացքում այլընտրանքային եղանակով շահութահարկի կանխավճարները հաշվարկվում եւ կատարվում են մինչեւ 2017թ. համապատասխան եռամսյակների վերջին ամսվա 15-ը:

- Օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց ստացած շահաբաժինների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 10% դրույքաչափով: Սույն դրույթն ուժի մեջ է մտել 2017թ. հունվարի 1-ից եւ տարածվում է դրանից հետո հայտարարված շահաբաժինների վրա: Նախկինում ֆիզիկական անձանց ստացված շահաբաժինները ազատված էին հարկումից:

- Եթե շահաբաժինների տեսքով ստացված եկամուտները դրանց ստացման հարկային տարում ներդրվում են ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում, ապա ներդրված գումարը փոխհատուցվում է պետական բյուջեից, բայց ոչ ավելի, քան շահաբաժիններից պետական բյուջե վճարած եկամտային հարկի գումարները: Սույն դրույթն ուժի մեջ է մտել 2017թ. հունվարի 1-ից:

- 2017թ. ընթացքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի մինչեւ 20 մլն դրամը ներկայացված հայտի հիման վրա վերադարձվում է հարկ վճարողին ՀՀ կառավարության սահմանած պարզեցված ընթացակարգով եւ ժամկետներում: Ընդ որում, հարկ վճարողը պետք է բավարարի որոշակի սահմանած չափանիշներին:

- 2017թ. հունվարի 1-ից ակցիզային դրոշմանիշերը եւ (կամ) դրոշմապիտակները ձեռք են բերվում էլեկտրոնային եղանակով ներկայացված հայտի հիման վրա: 2017թ. հուլիսի 1-ից ակցիզային դրոշմանիշերը եւ դրոշմապիտակները կտրամադրվեն հայտը ներկայացնելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում` ներկայիս յոթ աշխատանքային օրվա փոխարեն:

- Չօգտագործված ակցիզային դրոշմանիշերը եւ (կամ) դրոշմապիտակները, որոնք ստացվել են 2017թ. հունվարի 1-ից հետո, վերադարձվում են դրանց ստացման ամսվան հաջորդող վեցամսյա ժամկետում: Հարկ վճարողի դիմումի հիման վրա վեցամսյա ժամկետը կարող է երկարաձգվել եւս 90 օրով:

- 2017թ. հունվարի 1-ից վիճակախաղերի կազմակերպման համար եւ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար պետական տուրքը կազմում է 500 մլն դրամ:

- 2017թ. հունվարի 1-ից հետեւյալ ապրանքների համար գործում են ակցիզային հարկի նոր դրույքաչափեր՝
         - սպիրտային խմիչքներ – 63%, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 630 դրամ (բացառությամբ՝ պտուղներից եւ (կամ) հատապտուղներից պատրաստված օղի, կոնյակ, բրենդի, վիսկի, ռոմ),
         -վիսկի եւ ռոմ (ստացված խմորված մթերքների թորման արդյունքում շաքարաեղեգից) – 57%, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 3 450 դրամ,
         -պտուղներից եւ (կամ) հատապտուղներից պատրաստված օղիներ – 55%, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 550 դրամ,
        -սիգարներ, սիգարելաներ, ֆիլտր պարունակող սիգարետներ եւ առանց ֆիլտրի սիգարետներ (ծխախոտ, մեխակ պարունակող եւ այլ) – 15%, բայց ոչ պակաս, քան 1000 հատի համար 6 325 դրամ:

«ՓրայսուոթերհաուսԿուպերս» Արմենիա (PwC) ընկերությունն ընդգծել է, որ սույն հրապարակման մեջ տեղ գտած տեղեկատվությունը տրամադրվում է բացառապես քննարկվող առարկայի վերաբերյալ ընդհանուր պատկերացում կազմելու նպատակով: Այն չպետք է փոխարինի հաշվապահական, հարկային, իրավաբանական կամ այլ մասնագիտական խորհրդատվությանը: Նախքան որեւէ որոշում կայացնելը կամ ցանկացած գործողություն կատարելն անհրաժեշտ է խորհրդակցել PwC ընկերության մասնագետների հետ:

Դիտում՝ 7822
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW