Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը ՓՄՁ ներկայացուցիչների համար նախատեսված անվճար բիզնես դասընթացների շարքը հասանելի է դարձրել նաեւ ՀՀ մարզերին: Ինչպես հայտնել են բանկում, փետրվարի 21-ին եւ 22-ին Էջմիածին քաղաքում անցկացվել են դասընթացներ «Շրջանառու կապիտալի ավելացում», «Բիզնես ցիկլերի եւ ապրանքանյութական պաշարների կառավարում» թեմաներով: Դասընթացներին մասնակցել է Արմավիրի մարզի ՓՄՁ-ների շուրջ 30 ներկայացուցիչ:«2013-ին Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն առաջինն էր ՀՀ-ում, որ հանդես եկավ նմանատիպ նախաձեռնությամբ, իսկ 2015-ից դասընթացները հասանելի դարձան նաեւ բանկի հաճախորդ չհանդիսացող ձեռնարկությունների ղեկավարներին: Այժմ մենք այս նախաձեռնությունը տեղափոխում ենք մարզեր՝ կարեւորելով համագործակցությունը Հայաստանի բոլոր համայնքների բիզնես ոլորտների ներկայացուցիչների հետ: Սա է սոցիալապես պատասխանատու բիզնեսը»,- նշել է բանկի Զարգացման վարչության պետ Արսեն Մելքոնյանը: Մինչ օրս բանկը կազմակերպել է 43 դասընթաց, որոնց մասնակցել է ավելի քան 500 ՓՄՁ ներկայացուցիչ՝ շուրջ 300 կազմակերպությունից: Դասընթացները վարում են բանկի միջին եւ ավագ օղակի ղեկավար աշխատակիցները՝ ներկայացնելով արդյունավետ կառավարմանն ու մարքեթինգին առնչվող թեմաներ: Մասնակից կազմակերպությունների գործունեության ոլորտները ներառում են ծառայությունները, առեւտուրը, արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը: Tweet Դիտում՝ 5970