Ամերիկյան Heritage Foundation հիմնադրամը հրապարակել է 2017թ. տնտեսական ազատության ցուցիչը, որում Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցրել է 33-րդ տեղը: Ինչպես հայտնել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության մամուլի ծառայությունից, զեկույցում Հայաստանը 70,3 միավորով ընդգրկվել է «առավելապես ազատ» տնտեսություն ունեցող երկրների շարքում` անցած տարվա համեմատ բարելավելով դիրքը 21 հորիզոնականով:Եվրոպայի խմբում ընդգրկված 45 երկրների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 19-րդ տեղը` միեւնույն ժամանակ պահպանելով առաջատար դիրքեր ԱՊՀ երկրների շարքում:«Տնտեսական ազատության ինդեքսում կտրուկ առաջընթացը պայմանավորված է հիմնականում «օրենքի գերակայություն» եւ «կարգավորման ազդեցություն» հենասյուների մասով նշանակալի աճով: Մասնավորապես` «սեփականության իրավունքների» բաղադրիչով արձանագրվել է միավորի 35,5-ով առաջընթաց, իսկ «կառավարության ինտեգրվածության» մակարդակով` 6,4-ով, ինչը լավագույն արդյունքն է ԱՊՀ երկրների ցանկում: Ներդրումային, գործարար, ֆինանսական ազատությունների բաղադրիչներով եւս Հայաստանը գլխավորում է ԱՊՀ երկրների ցանկը»,- ասված է հաղորդագրությունում:Միեւնույն ժամանակ, տնտեսության ազատության ցուցիչով Հայաստանը տարածաշրջանում զիջում է միայն Վրաստանին:Ազատ տնտեսություն ունեցող երկրների ցանկը գլխավորում են Հոնկոնգը, Սինգապուրը, Նոր Զելանդիան, Շվեյցարիան եւ Ավստրալիան. առաջատար հնգյակը նախորդ տարվա համեմատ չի փոխվել: Վրաստանը զբաղեցրել է 13-րդ, Ադրբեջանը՝ 68-րդ, Թուրքիան` 60-րդ, իսկ Ռուսաստանը՝ 114-րդ հորիզոնականը: Tweet Դիտում՝ 4309