IntelliNews. Ամերիաբանկը Լոնդոնում պատրաստվում է IPO-ի

16.02.2017 | 12:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի փոքր բանկային հատվածը ցանկանում է հետեւել հարեւան Վրաստանի օրինակին՝ դառնալով զարգացած երկրների ներդրողների «սիրելին», գրում է  բրիտանական IntelliNews գործակալությունը:
 
«Այն բանից հետո, երբ 2016-ին Ամերիաբանկը հայտարարեց Լոնդոնում բաժնետոմսերի առաջնային հանրային տեղաբաշխում (IPO) իրականացնելու մասին, բոլորն ուշի-ուշով հետեւում են նրա գործունեությանը»,- նշում է IntelliNews-ը:

Գործակալության հետ զրույցում Ամերիաբանկի գլխավոր տնօրենի տեղակալ եւ ֆինանսական տնօրեն Գեւորգ Թառումյանն ասել է, որ Ամերիաբանկի` Լոնդոնում IPO իրականացնելու գործընթացը 1-2 տարի կպահանջի:

Նրա խոսքով՝ Ամերիաբանկը փորձում է դառնալ Լոնդոնի բորսայում ցուցակված 3-րդ բանկը տարածաշրջանում (վրացական TBC Bank-ից եւ Bank of Georgia-ից հետո): 

«Մեր աճի «ծարավը» դեռեւս չի մարել: Առաջիկա երեք տարիների համար բավական ամբիցիոզ ծրագրեր ունենք»,- ասել է Գեւորգ Թառումյանը` նշելով, որ բանկն այս տարի նախատեսում է հասցնել ակտիվների ծավալը $1,5 մլրդ-ի՝ լինելով առաջատարը ինչպես ակտիվների, ընդհանուր եւ կորպորատիվ վարկավորման ծավալներով, այնպես էլ ավանդների ներգրավման ցուցանիշով:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք բանկը մտադիր է մասնակցել ՀՀ բանկային համակարգում ընթացող միաձուլումներին, բանկի փոխտնօրենը նշել է, որ մինչ այս իրենք հետեւել են գործընթացին՝ դեռեւս մնալով ձեռնպահ:

«Ամերիաբանկը ներկայում գնահատում է ձեռքբերումներ կատարելու հնարավորությունները՝ ավելի քիչ դիտարկելով միաձուլման տարբերակը, ինչպես նաեւ ուսումնասիրում ներդրումային բանկերի կողմից տրամադրվող ձեռքբերման ֆինանսավորման հնարավորությունները: Այս գործընթացը միայն ժամանակի հարց է»,- ընդգծել է նա:

Գեւորգ Թառումյանի խոսքով` միաձուլման եւ կլանման նոր գործարքներ սպասվում են նաեւ 2017-ին:

«Քանի որ բանկային հատվածը տեխնոլոգիական արդիականացման եզրին է, փոքր վարկատուները կկորցնեն իրենց մրցակցային առավելությունները, անգամ եթե բավարարեն ԿԲ նոր պահանջին»,- նշել է նա:

Բանկի ներկայացուցիչն ակնկալում է, որ ակտիվների աճը 2017-ին կդանդաղի` հասնելով 10%-ի, իսկ «տարվա ամենամեծ անորոշությունը կլինեն ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունները: Դրանք կարող է դանդաղեցնել տնտեսությունը, չնայած որ հիմնական սցենարով դա չի կանխատեսվում»:

«Անկասկած, ակնկալվում է, որ ընտրություններում կհաղթի իշխող Հանրապետական կուսակցությունը, հետեւաբար՝ երկրում կշարունակվի իրականացվել նմանատիպ տնտեսական քաղաքականություն»,- գրում է գործակալությունը:

Հիշեցնենք, որ Ամերիաբանկը վերջերս Լոնդոնում նշանակել էր լիազոր ներկայացուցիչ:

Դիտում՝ 7047
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW