«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը ներդրել է երկու նոր հիփոթեքային վարկատեսակ` «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ-ի հետ համագործակցության շրջանակում:Ինչպես հայտնել են ՈՒՎԿ-ում, ներդրված պրոդուկտներից մեկն ուղղված է բնակարանային էներգաարդյունավետ վարկավորմանը, իսկ մյուսը՝ մարզերում բնակելի անշարժ գույքի ձեռքբերմանը, կառուցապատմանն ու վերանորոգմանը:«Բոլոր այն անձիք, որոնք կցանկանան բարձրացնել իրենց բնակելի անշարժ գույքի էներգաարդյունավետության ցուցանիշը կամ ձեռք բերել/կառուցապատել էներգաարդյունավետ բնակելի անշարժ գույք, հնարավորություն կունենան ստանալ վարկ 2-25 մլն դրամի սահմաններում, 12%-13% տոկոսադրույքով եւ 5-15 տարի ժամկետով՝ առանց վարկի սպասարկման վճարի»,- ասված է հաղորդագրությունում:Կազմակերպությունում տեղեկացրել են, որ «Ազգային հիփոթեքային ընկերության» հետ համագործակցության շրջանակում վարկավորելու են նաեւ Երեւանից դուրս բնակելի անշարժ գույքի վերանորոգումը, ձեռք բերումն ու կառուցապատումը:«Վարկառուի վարկունակությունը գնահատելիս դիտարկելու ենք ոչ միայն գրանցված եկամուտները, այլ նաեւ գյուղատնտեսությունից ստացված եկամուտները, իսկ վարկի մարումները հարմարեցվելու են հաճախորդի ստացած եկամուտներին՝ հաշվի առնելով գյուղատնտեսության սեզոնայնությունը»,- նշել են ՈՒՎԿ-ում:Նշված վարկերը տրամադրվելու են ավանդական հիփոթեքային վարկերի համեմատ մեկ տոկոսային կետով ցածր տոկոսադրույքով, իսկ մարզերում անշարժ գույքի ձեռքբերման, վերանորոգման, կառուցապատման նպատակով մինչեւ 2 մլն դրամ գումարի չափով վարկերը` առանց անշարժ գույքի գրավադրման։«Վստահ ենք, որ նման համագործակցությունը մեր հաճախորդներին կընձեռի հնարավորություն բարելավելու իրենց բնակարանային պայմանները՝ միաժամանակ էներգաարդյունավետության բարձրացման միջոցով նվազեցնելով կոմունալ ծախսերը, ինչպես նաեւ կխթանի մարզերում հիփոթեքային վարկավորման շուկան»,- նշել է «Կամուրջ» ՈՒՎԿ-ի հիփոթեքային եւ սպառողական վարկավորման բաժնի ղեկավար Էդգար Դավթյանը: Tweet Դիտում՝ 14831