ՏՄՊՊՀ-ն քննում է DHL-ի հայաստանյան ներկայացուցչի դեմ բողոքը

07.02.2017 | 15:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մաքսային բրոքերական ծառայություններ իրականացնող շուրջ  մեկ տասնյակ ընկերություններ եւ մի շարք տնտեսվարողներ («Զիգզագ», «Վորլդ Վիժն», «Յուքոմ», «Արարատ գինու կոնյակի գործարան», «Ռուսալ Արմենալ») բողոք են ներկայացրել մրցակցային մարմնին՝ ընդդեմ միջազգային փոստային առաքումներ եւ բեռնափոխադրումներ իրականացնող DHL ընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Յումակս» կազմակերպության:

Դիմում-բողոք ներկայացրած տնտեսվարողների ներկայացուցիչներն այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում (ՏՄՊՊՀ) հրավիրված նիստում տեղեկացրել են, որ «Յումակս»-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ հունվարի 16-ից DHL-ի ցանցով ներմուծված բեռների մաքսային ձեւակերպումներն իրականացվելու են բացառապես ընկերության նշած կազմակերպության կողմից, հակառակ դեպքում՝ ստացված բոլոր բեռները հետ են ուղարկվելու:

«Զիգզագ» ընկերության ներկայացուցչի խոսքով` DHL-ը պարտավորեցնում է մաքսային ձեւակերպում իրականացնել իր հետ փոխկապակցված կամ իր կողմից պատվիրակված ընկերության միջոցով:

«DHL-ը միջազգային սուրհանդակային ցանց է, որը, ցավոք, Հայաստանում ներկայացված է միայն «Յումակս» ընկերության միջոցով: Ուստի վերջինիս միակողմանի քայլը, ըստ էության, սահմանափակում է մեր` տնտեսվարողներիս, իրավունքները եւ, կարծում ենք, պետք է համապատասխան իրավական գնահատական ստանա»,- նշել է նա:

«Զիգզագ»-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ իրենք այլ բեռնափոխադրող ընկերության այլընտրանք տվյալ դեպքում չունեն, քանի որ իրենց արտասահմանյան գործընկերը խոշոր կազմակերպություններ են եւ ապրանքի առաքումն իրականացնում են կարգավորված ձեւով, տվյալ դեպքում` DHL-ի միջոցով: Իրենց այս քաղաքականության վերանայումը երկարատեւ բանակցություններ կպահանջի, որոնք «դժվար թե որեւէ արդյունք տան»:

«Ռուսալ Արմենալ»-ի ներկայացուցիչն էլ նշել է, որ DHL-ի  պատվիրակած ընկերությունը մաքսային միջնորդական ծառայությունները մատուցում է շուկայականից անհամեմատ բարձր սակագներով, ինչը տնտեսվարողներին ձեռնտու չէ եւ կանդրադառնա նրանց ֆինանսական արդյունքների վրա:

«Խնդիրը ներկայացվել է որպես մրցակցային` շուկայում անհավասար պայմանների առաջացման տեսանկյունից, այնուհանդերձ, այն փոխկապակցված է նաեւ այլ ոլորտների հետ` կապի, մաքսային եւ այլն: Հետեւաբար, դրա լուծման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել շահագրգիռ պետական մարմինների դիրքորոշումը»,- նշել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

Նա հանձնարարել է հանձնաժողովի վերլուծությունների վարչությանը դիտարկել բոլոր կողմերի տեսակետն ու հնարավորինս շուտ ամփոփել ուսումնասիրությունները, որոնց հիման վրա էլ հանձնաժողովը կկայացնի իր որոշումը:

Դիտում՝ 3043
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW