Իրանագետ Վարդան Ոսկանյանն այսօր ասել է, որ Երեւան-Թեհրան-Աշխաբադ համագործակցությունը նոր շունչ կհաղորդի ՀՀ տնտեսության զարգացմանը:Վարդան Ոսկանյանը նշել է, որ եռակողմ համագործակցության մասին բարձրաձայնել էր Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ Հայաստան կատարած այցի շրջանակում, իսկ տարեսկզբին ՀՀ վարչապետը հանդիպել էր Հայաստանում Իրանի եւ Թուրքմենստանի դեսպանների հետ՝ քննարկելու երկրների միջեւ էներգետիկ ոլորտին վերաբերող համագործակցության հեռանկարները:«Թուրքմենստանը գազային ռեսուրսներ ունեցող երկրների առաջին հնգյակում է, ինչպես նաեւ ունի էներգետիկ խոշոր ռեսուրսներ եւ այս առումով կարեւոր խաղացող է համարվում, սակայն խնդիր ունի այդ միջոցների արտահանման հետ կապված»,- ասել է իրանագետը՝ ընդգծելով, որ այդ համագործակցության շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ միջանցք՝ թուրքմենական գազն Արեւմուտք տեղափոխելու համար:«Հայաստանը պետք է վարի ավելի ագրեսիվ քաղաքականություն այն ոլորտներում, որտեղ մեզ այնքան էլ չեն սպասում: Դա հնարավորություն կտա ոչ միայն զարգացնելու տնտեսությունը, այլեւ զգալիորեն բարելավելու մեր աշխարհաքաղաքական դիրքերը»,- հավելել է Վարդան Ոսկանյանը:Անդրադառնալով Հայաստան-Իրան երկկողմ գործակցությանը՝ փորձագետն ասել է, որ այս մասով արդեն իսկ նկատելի է տնտեսական շարժ՝ «բնակչությունն օգտվել է ազատ վիզային ռեժիմից եւ նոր առեւտրային կապեր հաստատել»: Խոսելով Հայաստան-Իրան գազատարի կառուցման մասին՝ Վարդան Ոսկանյանը նշել է, որ Հայաստանիˋ այդ ծրագրից չհրաժարվելն ակնհայտ է:«Հայաստանն այս ծրագիրը պահում է իր օրակարգում՝ շարունակում ներդրումներ հայթայթել: Պետք է նկատել, որ տնտեսական ծրագրից զատ՝ սա մեզ համար չափազանց կարեւոր քաղաքական ծրագիր է, որի իրագործման դեպքում կարող ենք ճնշում գործադրել մեր հարեւանների վրա»,- ասել է փորձագետը:Վարդան Ոսկանյանը նաեւ նկատել է, որ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարությունը հաջողությամբ ավարտելու դեպքում Իրանն իր բեռնափոխադրումների մեծ մասը կուղղորդի Հայաստան: «Իրանը մեզ հետ փորձում է վարել մի քաղաքականություն, որը, նախ եւ առաջ, ուղղված է Հայաստանի հզորացմանը»,- նկատել է նա:Անդրադառնալով Հայաստանի եւ Իրանի սահմանագոտում Ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) ստեղծելու ծրագրինˋ իրանագետը նշել է, որ այն հնարավորություն կտա ներկայացնել Հայաստանի գրավչությունն ու այնտեղ հիմնել նոր արտադրություն, որը ԵԱՏՄ կարտահանվի «Արտադրված է Հայաստանում» պիտակով:Վարդան Ոսկանյանը կարեւորել է նաեւ Վրաստանի հետ համագործակցության աշխուժացումն ու նկատել, որ Հայաստանը դեպի Իրան ելքով լուրջ հնարավորություն է բացում Վրաստանի առջեւ, իսկ Վրաստանըˋ Սեւ ծով ելքով, մեծ հնարավորություններ ստեղծում Հայաստանի համար: Tweet Դիտում՝ 9467