Ծաղկաձորում բացվել է VINUM գինետունը` ՀՀ կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացման ու հայկական գինեգործական ավանդույթների հանրահռչակման հիմնական առաքելությամբ: «Հայաստանի զբոսաշրջային քաղաքներից մեկի բնակիչներն ու այցելուներն այսուհետեւ կարող են հայկական գինի եւ մոռացված ճաշատեսակներ վայելել VINUM գինետանը»,- ասված է Հայաստանի զարգացման հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:Նախագծի հիմնադիր, Հայաստանի զարգացման հիմնադրամի Ներդրողների աջակցության բաժնի մասնագետ Ստեփան Ավագյանի խոսքով՝ հայկական գինեգործական ավանդույթները հավուր պատշաճի ներկայացված չեն աշխարհում, մինչդեռ, ըստ նրա, կան բոլոր նախադրյալները՝ պնդելու, որ Հայաստանն աշխարհում կարող է հայտնի դառնալ իր բարձրակարգ արտադրանքով։«Մենք որդեգրել ենք նոր մոտեցում՝ լուծելով է մի քանի խնդիր՝ զբոսաշրջության զարգացման, գինու մշակույթի հանրահռչակման եւ տեղական գինեգործների համար հարթակ դառնալու։ Նպատակ ունենք VINUM-ը դարձնել բրենդ, որի ներքո տեղական արտադրողները կարող են ներկայացնել իրենց գինին ինչպես տեղական, այնպես էլ դրսի սպառողներին»,- նշել է նա: Տեղական արտադրողների համար կենտրոնը կարեւոր է հատկապես նրանով, որ արդեն զբոսաշրջիկներին ու սպառողներին կարող են ներկայանալ ոչ միայն գովազդով, այլեւ արտադրանքի համտեսով: Սկզբնական շրջանում գինետանը կաշխատի տասը մասնագետ, որոնք հիմնականում երեւանաբնակներ են: Նախատեսվում են վերապաստրաստման դասընթացներ նաեւ ծաղկաձորցիների համար։ Նախագիծը հեռանկարում նպատակ է դնում տարածվել նաեւ Հայաստանի այլ քաղաքներում, իսկ ճանաչելի դառնալուց հետո՝ Վրաստանում եւ Ռուսաստանում: Tweet Դիտում՝ 3676