«Իրավաբանների հայկական ասոցիացիա»-ի հակակոռուպցիոն առաջարկները

23.01.2017 | 09:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանն առաջարկել է Հայաստանում վերագործարկել հակակոռուպցիոն կենտրոնները` 2011-2014 թթ. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ Հայաստանում գործել են նմանատիպ 11 կենտրոններ:

Համապատասխան առաջարկով նա հանդես է եկել հունվարի 21-ին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում կայացած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի ժամանակ:

Կարեն Զադոյանը նշել է, որ հակակոռուպցիոն կենտրոնները պետք է որդեգրեն եռաչափ մոտեցում՝ իրավական աջակցություն ցուցաբերեն կոռուպցիայից տուժած քաղաքացիներին, իրականացնեն ընթացակարգերի եւ օրենսդրական ակտերի մոնիթորինգ եւ ներկայացնեն բարեփոխումների առաջարկություններ, բարձրացնեն հանրային իրազեկության մակարդակը:

«Իրավաբանների հայկական ասոցիացիա»-ի նախագահը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում այդ կենտրոնները եղել են արդյունավետ մոդել: Մասնավորապես, 2011-2014 թթ. վարչական կոռուպցիայի հետ կապված կենտրոններին է դիմել ավելի քան 17 հազ. շահառու, իսկ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործերը կազմել են երկու հազարից ավելի:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել կառավարության եւ դոնոր կազմակերպությունների համաֆինանսավորմամբ:

Կարեն Կարապետյանը հանձնարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ ներկայացված գաղափարի շուրջ համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ նախաձեռնել քննարկում:

Կարեն Զադոյանը ներկայացրել է նաեւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրող անձանց (ազդարարների) իրավունքների պաշտպանության հարցը՝ նշելով, որ այդ ուղղությամբ առկա է երկու մոտեցում:

Առաջինով՝ ազդարարների իրավունքները պաշտպանվում են գործող օրենսդրության պայմաններում, տրամադրելով անվտանգության երաշխիքներ: Երկրորդով՝ առաջարկվում է ստեղծել էլեկտրոնային հարթակ, որի միջոցով հնարավորություն կլինի ստանալ անանուն բողոքներ: Երկրորդ մոտեցման հետ կապված ուսումնասիրվել է միջազգային փորձը, եւ այժմ մշակվում են օրենսդրական նախագծեր, որոնք ուղղված են անանուն ազդարարների անվտանգության ապահովմանը:

Առաջարկվել է նաեւ քննարկել կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրող անձանց խրախուսական մոտեցում ցուցաբերելու հնարավորությունը:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ այժմ քննարկվում է վերոնշյալ երկու մոդելներին համալրված մոտեցում ցուցաբերելու հարցը՝ անանուն ազդարարման գաղափարախոսության, սերտեֆիկացված էլեկտրոնային հարթակի ստեղծման առաջարկի ներքո: Բացի այդ, նախատեսվում է սահմանել կոռուպցիոն դրսեւորման մասին ազդարարող անանուն անձին հետադարձ հարց տալու հնարավորություն՝ երաշխավորելով անանունության սկզբունքը: Նախարարն ընդգծել է, որ նախագիծը դրվելու է լայնամասշտաբ քննարկման:

«Կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ ազդարարող անձանց դերը կոռուպցիայի կանխարգելման եւ հայտնաբերման գործում կարեւոր է»,- նշել է վարչապետը՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին ու արդարադատության նախարարին հանձնարարելով ազդարարների պաշտպանության մեխանիզմների ներդրման, էլեկտրոնային անանուն ազդարարման հարթակի տեխնիկական ապահովման ուղղությամբ ձեռնարկել քայլեր, այդ թվում՝ «Ազդարարների պաշտպանության մասին» օրենքը հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել կառավարություն:

Դիտում՝ 4075
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW