Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի եւ գնողունակության համարժեքության ցուցանիշներն աստիճանաբար մոտենում են Ռուսաստանի ցուցանիշներին, սակայն չափազանց դանդաղ տեմպերով: Այս մասին է վկայում Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի անցկացրած «Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների դրամավարկային քաղաքականությունը. ներկա դրություն եւ համակարգման հեռանկարներ» հետազոտությունը, որն անցկացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտի հետ համատեղ: Ինչպես նշում են ԵԱԶԲ փորձագետները, ներկայում փոխարժեքային եւ դրամավարկային քաղաքականության ռեժիմները ԵԱՏՄ անդամ պետություններում խիստ տարբեր են, եւ դրանց համակարգման համար անհրաժեշտ է ձեւակերպել ինչպես քաղաքականության ընդհանուր նպատակը, այնպես էլ դրան հասնելու մեխանիզմները: Հետազոտության մեջ նշվում է, որ Կենտրոնական բանկերն այս ուղղությամբ առաջընթաց են գրանցել. գնաճի միջնաժամկետ թիրախային ցուցանիշները հիմնականում իրարից քիչ են տարբերվում: Այսպես, գնաճի միջնաժամկետ թիրախը Հայաստանում 4% է, Բելառուսում՝ 5%, Ղազախստանում՝ 3-4%, Ղրղըզստանում՝ 5-7%, Ռուսաստանում՝ 4%. Փաստաթղթում ասվում է, որ որոշ երկրներում արդյունավետ դրամական քաղաքականություն իրականացնելուն խոչընդոտում են դոլարիզացիայի զգալի մակարդակը, բարձր գնաճը, գնաճային եւ փողի արժեզրկման բարձր սպասումները, թույլ զարգացած ֆինանսական հատվածը, ստվերային տնտեսության առկայությունը, կախվածությունն աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումներից, տնտեսության թույլ դիվերսիֆիկացումը, ինչպես նաեւ կախվածությունն արտաքին գնային ցնցումներից: Առանց այդ հիմնախնդիրների լուծման՝ դրամական քաղաքականության համակարգման հնարավորությունները կմնան սահմանափակ: Tweet Դիտում՝ 9788