ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանն այսօր ասել է, որ էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգը պարբերաբար կատարելագործվում է, եւ որ գնումների համակարգի շարունակական բարեփոխումները նախարարության առաջնահերթություններից են:Այս մասին փոխնախարարն ասել է լրագրողների հետ հանդիպմանը՝ ներկայացնելով պետական գնումների ոլորտում իրականացվող բարեփոխումները:Կարեն Թամազյանը նշել է, որ «Գնումների մասին» ՀՀ նոր օրենքի նպատակն է ապահովել հնարավորինս թափանցիկ, արդյունավետ գնումներ՝ պատկան մարմինների կողմից ցածր գնով ապրանքներ ձեռք բերելու համար: Այս նպատակով ֆինանսների նախարարությունը 2017թ. հունվարից ներդրել է նոր համակարգ, որով պետական գնումներին մասնակցող անձանց տեխնիկական, որակական եւ ֆինանսական տվյալները հասանելի են դառնում բոլորին: Փոխնախարարը հստակեցրել է՝ եթե նախկինում հրապարակվում էր հաղթողի անունը, եւ գործը կարող էր քննվել միայն բողոքի առկայության դեպքում, ապա այժմ բոլորը տեղեկացված են լինում մասնակցության տվյալների եւ արդյունքների մասին: Կարեն Թամազյանի խոսքով՝ բարեփոխման արդյունքում բարձրանում է գնումների ընթացակարգերի թափանցիկության եւ հրապարակայնության աստիճանը, ինչը սահմանափակում է հայտերի գնահատման ժամանակ գնահատող հանձնաժողովի կողմից սուբյեկտիվ որոշումների կայացումը:Նա ընդգծել է, որ ապրիլին ուժի մեջ կմտնի նոր օրենք, որի առավելություններից մեկը մասնակիցների հետ փոխկապակցված անձանց մասին տվյալների լրացումն է:«Սա այս պահին այն տեսանելի ճանապարհն է, որով հասարակությունը կկարողանա «զսպաշապիկ» հագցնել ոչ պարտաճանաչ թե՛ ապրանք ձեռք բերող պետական մարմիններին, թե՛ մրցույթի մասնակիցներին»,- ասել է ֆինանսների նախարարության ներկայացուցիչը՝ հավելելով, որ նախարարությունը հրապարակայնացնում է գնումների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, այդ թվում՝գնումների պայմանագրերը:Կարեն Թամազյանի խոսքով՝ հաջորդ կարեւոր քայլն այն է, որ մինչ գնման ընթացակարգին հայտի ներկայացումը ARMEPS-ը նախապես իրականացնում է տվյալ հայտի ստուգում, եւ եթե այն համակարգ վերբեռնելու համար սահմանված պահանջներին անհամապատասխան է, հայտը չի ընդունվում՝ մասնակցին ներկայացնելով կատարված բացթողումը: ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի գնումների գործընթացի կառավարման եւ համակարգման բաժնի պետ Վահե Մահտեսյանն էլ ներկայացրել է ARMEPS-ում հայտերի տեղադրման եղանակը: «Փոփոխված համակարգը, ըստ էության, հնարավորություն է տալիս տեսնել եւ՛ հայտերը, եւ՛ մերժման պատճառները»,- նկատել է Վահե Մահտեսյանը: Tweet Դիտում՝ 3131