Դավոս 2017. Դրական սպասումները վերականգնվում են

17.01.2017 | 11:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Շվեյցարիայի Դավոս լեռնային հանգստավայրում այսօր մեկնարկում է 47-րդ Համաշխարհային տնտեսական ֆորումը (Word Economic Forum), որն այս տարի անցկացվում է «Արձագանքող եւ պատասխանատու առաջնորդություն» կարգախոսի ներքո:

Կարգախոսի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ կազմակերպիչները ցանկացել են գլոբալ լիդերների ուշադրությունը հրավիրել «միջազգային համագործակցությանն աջակցող համակարգերի թարմացման անհրաժեշտության վրա` դրանք հարմարեցնելով ներկայում աշխարհում տիրող բարդ, բազմաբեւեռ իրավիճակին եւ ապահովելով տնտեսության իրական, համընդգրկուն եւ օբյեկտիվ աճ»:

Ֆորումին այս տարի մասնակցում է ավելի քան 2,5 հազ. պատվիրակ՝ շուրջ 100 երկրից: Հայաստանը, ինչպես եւ նախորդ տարիներին, չի մասնակցի ֆորումին`պայմանավորված վերջինիս ծախսատարությամբ:

Քառօրյա միջոցառման շրջանակում նախատեսվում է անցկացնել 300-ից ավելի լիագումար նիստ, սեմինար եւ «կլոր սեղան», ինչպես նաեւ «վերնախավի մինի հանդիպումներ»` պետական գործիչների մասնակցությամբ:

Ֆորումի պաշտոնական մեկնարկից մեկ օր առաջ PricewaterhouseCoopers (PwC) կազմակերպությունը ներկայացրել է միջազգային ընկերությունների ղեկավարների շրջանում անցկացված ավանդական հարցման արդյունքները: Հարցվածների 38%-ը վստահ է, որ հաջորդ տարի իր ընկերությունն աճ կարձանագրի, այն դեպքում, երբ 2016թ. այս համոզմունքն ուներ հարցվածների 35%-ը: Հարցվածների 49%-ն իր ապագայի նկատմամբ վստահություն ունի առաջիկա երեք տարիների համար, իսկ 29%-ը կարծում է, որ դրական հեռանկարներ ունի համաշխարհային տնտեսությունն ընդհանուր առմամբ:

«Թոփ մենեջերները բարելավել են իրենց սպասումները` չնայած Brexit-ին (Մեծ Բրիտանիայի`ԵՄ կազմից դուրս գալու որոշում) եւ ԱՄՆ նախագահի ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակին, որոնք սովորաբար ընդունվում են որպես գլոբալ տնտեսության անորոշության ազդակներ: Թեեւ այս տարի վստահությունը չի հասել 2007թ. մակարդակին, այդուհանդերձ, այն դանդաղ տեմպերով վերականգնվում է»,- ասել է PwC ընկերությունների միջազգային ցանցի ղեկավար Բոբ Մորիցը:

Ֆորումի ծրագրերն այս տարի կառուցվել են հինգ հիմնական թեմաների շուրջ` «Միջազգային համագործակցության համակարգերի ամրապնդում», «Դրական հռետորաբանության միջոցով նույնականացման խնդրի լուծում», «Համաշխարհային տնտեսության վերածնունդ», «Կապիտալիզմի բարեփոխում» եւ «Չորրորդ արդյունաբերական հեղափոխություն. աշխատողների եւ տնտեսության նախապատրաստում տեխնոլոգիաների եւ մարդկության վերափոխմանը»:  

Այս տարի ֆորումի համանախագահներն են Bank of America-ի գլխավոր տնօրեն Բրայան Մոյնիհանը, պակիստանցի ռեժիսոր-վավերագիր Շարմին Օբայիդ-Չինոյը, Դանիայի նախկին վարչապետ Հելլե Թորնինգ-Շմիդտը (ներկայում Save the Children International-ի ղեկավար), Philips-ի գլխավոր տնօրեն Ֆրանս վան Հաութենը եւ Hewlett Packard-ի ղեկավար Մեգ Ուիթմանը:

Դիտում՝ 3631
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW