Նախագահը բիզնեսին հորդորել է լավ իմաստով «ագրեսիվ» լինել

23.12.2016 | 09:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ «մեզ անհրաժեշտ է զարգացման արագընթաց աճ»:

Այդ մասին նա ասել է՝ դեկտեմբերի 22-ին ընդունելով գործարար համայնքի ներկայացուցիչներին:
 
«Մեր կառավարությունը հնարավորություն է ընձեռում բոլորիս արդյունավետ համագործակցության նոր հիմքեր դնել՝ հանուն մեր ապագա զարգացման: Այս առումով ակնկալում եմ, որ կառավարությունը մատուցելու է որակյալ ծառայություն՝ լինելով ձեր վստահելի գործընկերը», - ասել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը նկատել է, որ ռեսուրսների արտաքին ներհոսքի նվազման պայմաններում «գերակա է դարձել արտահանման միջոցով տնտեսական աճի խթանումը»:

«Առաջին քայլերն այդ ուղղությամբ արվել են արտահանմանն ուղղված քաղաքականության նախաձեռնմամբ:  2015-2016թթ-ի արդեն եղած տվյալներից կարելի է եզրակացնել, որ տնտեսությունն ունի որոշակի ներուժ՝ այդ ուղղությամբ զարգանալու համար: Արտահանման եւ ներմուծման հարաբերակցության 2016թ-ի հունվար-նոյեմբեր ամիսների ցուցանիշները թույլ են տալիս պնդելու, որ արտահանումը պետք է լինի այն շարժիչ ուժը, որ կապահովի հետագա արագընթաց տնտեսական աճը», - ասել է Հայաստանի ղեկավարը:

«Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն դյուրացրեց ապրանքների եւ ծառայությունների շարժն ավելի քան 180 մլն բնակիչ ունեցող շուկայում: Սակայն, չնայած ակնհայտ առաջընթացին, մենք դեռեւս շատ անելիք ունենք Հայաստանի արտահանման ներուժն ամբողջովին օգտագործելու համար:

Մեր գործարարներն ու պետական մարմինները միասին՝ ձեռք ձեռքի տված՝ կարող են լուծումներ գտնել մեր առջեւ ծառացած խնդիրների համար: Այստեղ ոչ միայն մեր պաշտոնյաների նախանձախնդիր եւ հետեւողական վարքն է անհրաժեշտ, այլ նաեւ գործարարի ստեղծագործական միտքը: Մենք միասին պետք է առաջ քաշենք նոր գաղափարներ, իրականացնենք նոր շուկաների ուսումնասիրություն, ագրեսիվորեն թիրախավորենք այդ նոր շուկաները: Այստեղ, երեւի, ամենաընդունելին է «ագրեսիվ» բառի օգտագործումը՝ ուրիշ տեղ ագրեսիվությունն օգուտ չի տալիս:

Օրինակ, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդեն ձեւավորված դեղամիջոցների միասնական շուկան լայն հնարավորություն է ստեղծում այդ ոլորտի հայկական ձեռնարկությունների՝ հատկապես Պատշաճ արտադրական պրակտիկա ունեցողների համար: Այժմ հարկավոր է, որ մեր արտադրողները խիստ առարկայական, հստակ խնդիրներ բարձրացնեն մեր կառավարության համապատասխան օղակների առջեւ, որպեսզի վերջիններս էլ աջակցեն հայկական արտադրանքի առաջխաղացմանն այդ ընդհանուր շուկայում», - ասել է ՀՀ նախագահը:

«Մեր առաջնահերթ խնդիրն է ամրապնդել կառավարության եւ գործարար համայնքի փոխվստահությունը՝ նպաստելով մեր հայրենիքի զարգացմանը: Ես շատ լավ գիտեմ, որ ձեզանից ոչ մեկը բաց ու շիտակ խոսակցությունից խուսափողը չէ: Վստահ եղեք, որ ի դեմս կառավարության դուք կգտնեք արժանի զրուցակից: Հարկ է միասնական ջանքերի համադրմամբ նոր հեռանկարներ բացել մեր երկրի համար: Վստահ եմ, որ գալիք մի քանի տարիները մեզ համար բեկումնային են լինելու: Ես ինքս լավատես եմ եւ ակնկալում եմ, որ դուք էլ լավատեսությամբ տոգորված աշխատելու եք հանուն մեր ընդհանուր ապագայի», - եզրակացրել է Սերժ Սարգսյանը:

Դիտում՝ 11051
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW