Յունիբանկի սովորական անվանական բաժնետոմսերի սեփականատերերն ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերի համար միջանկյալ շահութաբաժիններ կստանան: Ինչպես հայտնել են բանկում, համապատասխան որոշումն ընդունվել է Յունիբանկի խորհրդի 2016թ. դեկտեմբերի 9-ի նիստում:Միջանկյալ շահութաբաժինը կվճարվի սովորական անվանական բաժնետոմսերի տեսքով` 4 348 հատ (տեղաբաշխման ժամանակ ձեռքբերման նվազագույն փաթեթի քանակ) բաժնետոմսի դիմաց 420 բաժնետոմս հաշվարկով, որը համարժեք է 13% տարեկան եկամտաբերությանը: «Այս որոշումն ընդունվել է` ելնելով Յունիբանկի արձանագրած բարձր ցուցանիշներից, կայուն ֆինանսական վիճակից եւ զարգացման ռազմավարությունից: Շահութաբաժինները կվճարվեն բանկի կուտակված շահույթից, որն այս տարվա նոյեմբերի 30-ի դրությամբ գերազանցել է 7,2 մլրդ դրամը»,- ասված է հաղորդագրությունում: Շահութաբաժինները կվճարվեն սովորական բաժնետոմսերի սեփականատերերին, որոնք այս տարվա նոյեմբերի 28-ի դրությամբ ընդգրկված են բանկի բաժնետերերի ռեեստրում: Բաժնետոմսերի տեսքով շահութաբաժինների վճարման համար բանկը կիրականացնի սովորական անվանական բաժնետոմսերի լրացուցիչ թողարկում` բաժնետոմսի շուկայական արժեքով եւ մոտ 3,2 մլրդ դրամ ծավալով: Դրա հետ կապված՝ 2017թ. հունվարի 17-ին կգումարվի Յունիբանկի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով` հեռակա քվեարկության կարգով: Tweet Դիտում՝ 5353