Fitch-ը 2017թ. ՀՀ բանկերի համար կայուն հեռանկար է կանխատեսում

12.12.2016 | 16:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը 2017թ. ՀՀ բանկային համակարգին շնորհել է «կայուն» կանխատեսում` 2016թ. «բացասական»-ի փոխարեն:

Այդ մասին ասված է Fitch-ի «2017 Outlook: CIS and Georgian Banks» զեկույցում:

«Արտաքին առեւտրի աշխուժացմամբ եւ ներքին պահանջարկի համեստ վերականգնումով պայմանավորված` առողջ տնտեսական աճն ու արժույթի համեմատաբար կայուն վիճակը կնպաստեն բանկային հատվածում շահութաբերության եւ ակտիվների որակի աստիճանաբար բարելավմանը»,- նշում են գործակալությունում:

2017-2018 թթ. Fitch-ը Հայաստանում կանխատեսում է միջինում 3,6% տնտեսական աճ (2016թ. կանխատեսել էր 3,5%)` արտաքին միջավայրի (Ռուսաստանում եւ ԱՊՀ տարածաշրջան) մարտահրավերների նվազման պայմաններում:

Գործակալության վերլուծաբանների նշում են, որ բանկերի ընդհանուր կապիտալը մինչեւ տարեվերջ կկազմի մոտ 77 մլրդ դրամ՝ ԿԲ նոր պահանջին բավարարելու համար: Ըստ փորձագետների՝ կարգավորչի այս որոշումը հանգեցրել է ոլորտում որոշ միաձուլումների, իսկ համեմատաբար փոքր բանկերի համար դարձել աճը սահմանափակող գործոն:

Ակնկալվում է, որ կոնսոլիդացիոն գործընթացը կշարունակվի նաեւ 2017թ.` մրցակցային եւ կարգավորիչ ճնշման ուժգնացմանը զուգընթաց:

«Անցյալ տարվա վարկավորման 4% կրճատմանն այս տարի հաջորդել է չափավոր` 6% աճ: Ակնկալում ենք, որ վարկավորման պահանջարկը 2017թ. փոքր-ինչ կաճի` մակրոտնտեսական բարենպաստ միտումների, դրամի նկատմամբ ճնշումների կրճատման եւ տոկոսադրույքների ընդհանուր մակարդակի նվազման ֆոնին: Այդուհանդերձ, վարկավորման ծավալները միանիշ աճ կարձանագրեն` ակտիվների թույլ որակի, տրանսֆերտների հետեւանքով տնային տնտեսությունների սպառման կրճատման եւ ԿԲ-ի կողմից բանկերի պահուստավորման բարձր նորմատիվի հետեւանքով»,- գրում է Fitch-ը:

Ակնկալվում է, որ 2017թ. բանկային համակարգում ակտիվների որակը կայունանա` արտաքին շոկերի չեզոքացման հաշվին:

«Արտաքին լիկվիդայնությունը բավարար է պարտավորությունների սպասարկման համար, չնայած որ ՀՀ բանկերն արտաքին պարտքի մակարդակով (2016թ. 1-ին կիսամյակի դրությամբ` պարտավորությունների 32%-ը) գերազանցում են տարածաշրջանի մյուս երկրներին: Դրանք հիմնականում ստացվում են միջազգային կազմակերպություններից եւ արտասահմանյան փոխկապակցված կողմերից, ունեն մարման երկար ժամկետայնություն, ինչը նվազեցնում է վերաֆինանսավորման ռիսկերը»,- գրում է Fitch-ը:

Վերլուծաբանների կարծիքով` ՀՀ բանկային ոլորտի հեռանկարը մեծապես կախված է ներքին տնտեսության վարքագծից եւ դրամի կայունությունից:

ԱՊՀ երկրների շարքում բանկային համակարգի բացասական կանխատեսումներ են ստացել Ադրբեջանը, Ղազախստանն ու Բելառուսը:

Դիտում՝ 21336
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW