«Լիդիան»-ը կֆինանսավորի Ջերմուկում ազգային պարկի ստեղծումը

12.12.2016 | 14:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ բնապահպանության նախարարությունն ու Ամուլսարի ոսկու հանքը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա» ընկերությունը այսօր Երեւանում ստորագրել են Ջերմուկի ազգային պարկի ստեղծման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:
    
Ջերմուկում ազգային պարկ ստեղծելու ծրագիրը միտված է կենսաբազմազանության պահպանմանը, էկոտուրիզմի եւ էկոգյուղատնտեսության ծրագրերի ներդրմանն ու զարգացմանը:

«Ջերմուկ ազգային պարկի» ծրագրում «Լիդիան Արմենիա»-ն առաջիկա 5 տարում կներդնի ավելի քան $5 մլն: Հանքարդյունաբերող ընկերությունը պատրաստվում է ծրագրում ներգրավել նաեւ կենսաբազմազանության պահպանության միջազգային լավագույն մասնագիտների:

«Իր գործունեության առաջին իսկ օրից «Լիդիան Արմենիա» ընկերությունը որդեգրել է օրինակելի հանքարդյունաբերություն ունենալու քաղաքականությունը, եւ Ջերմուկի ազգային պարկի ստեղծման քայլով մենք բարձրացրել ենք մեր առջեւ դրված չափանիշների սանդղակը: Սա նախարարության եւ հանքարդյունաբերող ընկերության համատեղ ծրագրի առաջին օրինակն է աշխարհում, որը, կարծում եմ, հաջող ու օրինակելի կլինի այլ ընկերությունների համար»,- ասել է «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ այս քայլով հայաստանյան տնտեսության եւ հանքարդյունաբերության իրականության մեջ պատասխանատու վերաբերմունքի նոր մշակույթ է ձեւավորվում:
«Այս ուղղությամբ իր առարկայական քայլն է կատարում «Լիդիան Արմենիա» ընկերությունը, ինչը բավական բարձր ենք գնահատում: Նախաձեռնությունը ոչ միայն բավարար հիմք կստեղծի Ջերմուկում կենսաբազմազանության պահպանման եւ զարգացման համար, այլեւ կյանքի կկոչի կառավարության ծրագրի կարեւոր ուղղություններից մեկիˋ ազգային պարկերի ընդլայնման քաղաքականության եւ հենց Ջերմուկում ազգային պարկի ստեղծման գաղափարը»,- ասել է նախարարը:

Արծվիկ Մինասյանը նկատել է, որ սա լավ սկիզբ եւ հրաշալի հնարավորություն է, որպեսզի մասնավոր այլ ընկերություններ եւս ներգրավվեն կառավարության քաղաքականության իրագործման ընթացքին:

Treweek Environmental Consultants (TEC) բնապահպանական խորհրդատվական ընկերության փորձագետ, «Ջերմուկ ազգային պարկի» ծրագրի համակարգող Ռամազ Գոխելաշվիլին, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ բոլոր ներդրումներն ուղղվելու են օրինական ճանապարհով ազգային պարկ ստեղծելու գաղափարի իրագործմանը:

Նա կարեւորել է այն հանգամանքը, որ ազգային պարկի ստեղծման արդյունքում համայնքներին սպասվող սահմանափակումները փոխհատուցվելու են:

Հայկ Ալոյանը հավելել է, որ Ամուլսարի ոսկու հանքի ծրագիրը լիովին ապահովագրված է միջազգային չափանիշներով:

«Ինչպես հանքարդյունաբերության, այնպես էլ ազգային պարկի ստեղծման դեպքում, եթե մեր ընկերություն գործունեության հետեւանքով տուժի որեւէ երրորդ կողմ եւ ունենա բավարար ապացույցներ այդ մասին, մենք պարտավոր ենք իրականացնել փոխհատուցում: Խոսքն այստեղ մի քանի տասնյակ միլիոն դոլարի մասին է: Ապահովագրությունը ծածկելու է երրորդ կողմի վնասն ու այլ ապահովագրման ռիսկերը, այդ թվումˋմիջավայրի աղտոտում, հրդեհ, մարդկանց առողջության հետ կապված խնդիրներ եւ այլն»,- ասել է նա:

Հուշագրից բխում է, որ այն լինելու է առավելագույնս բաց ու մասնակցայինˋ չկաշկանդելով վերահսկող մարմնիˋ բնապահպանության նախարարության եւ հանքարդյունաբերող ընկերության այլ գործառույթներ:

Դիտում՝ 10534
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW