Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը նախօրեին ավարտել է «Երկարաձգվող ֆինանսավորման» եռամյա ծրագրի (Extended Fund Facility, EFF) շրջանակում Հայաստանի կատարողականի չորրորդ ստուգումը, որի արդյունքում ՀՀ-ին հնարավորություն է տրվել հիմնադրամից ստանալ շուրջ $21,24 մլն (15,65 մլն ՓՀԻ) փոխառության իրավունք:Ինչպես նշված է ԱՄՀ պաշտոնական կայքում, դրանով ծրագրերի շրջանակում Հայաստանի ներգրավված գումարը կհասնի $90,28 մլն-ի (66,52 մլն ՓՀԻ): Հայաստանի հետ EFF եռամյա ծրագիրը հաստատվել է 2014թ. մարտին եւ ենթադրում են $111,57 մլն-ի (82,21 մլն ՀՓԻ) ընդհանուր ֆինանսավորում: ԱՄՀ-ի գործառնական տնօրենի առաջին տեղակալ Դեյվիդ Լիփթոնը գոհացուցիչ է համարել ծրագրի շրջանակում Հայաստանի կատարողականը:«Ծրագրի կատարողականը, ընդհանուր առմամբ, եղել է բավարար` չնայած արտաքին աշխարհի բացասական զարգացումներին, որոնք հանգեցրել են ներքին պահանջարկի նվազմանը, եկամուտների կրճատմանն ու գնանկումային միջավայրի ստեղծմանը: Հեռանկարը շարունակում է մնալ մարտահրավերներով լի, հետեւաբար մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունության եւ հաստատուն, համապարփակ աճի ապահովման համար շարունակական ջանքեր կպահանջվեն»,- նշել է նա:Դեյվիդ Լիփթոնի խոսքով` Հայաստանի իշխանությունները հավատարիմ են հարկաբյուջետային կոնսոլիդացիայի եւ պարտքի կայունության ապահովման քաղաքականությանը, որի նպատակն է միջնաժամկետ հեռանկարում պետական պարտքը պահպանել ՀՆԱ-ի 60%-ից ցածր մակարդակի վրա:Միաժամանակ, ԱՄՀ պաշտոնյան դրական է գնահատել ՀՀ Կենտրոնական բանկի մեղմացնող դրամավարկային քաղաքականությունը, որը, նրա բնորոշմամբ, նպաստել է շուկայում հիմնական տոկոսադրույքների անկմանն ու բանկային վարկավորման ծավալների վերականգնմանը:Նրա խոսքով` բանկերի նորմատիվային կապիտալի չափը բարձրացնելու վերաբերյալ ԿԲ որոշումը կօգնի ամրապնդել երկրի ֆինանսական կայունությունը:«Կառուցվածքային բարեփոխումների հետագա իրականացումը շարունակում է մնալ կայուն եւ համապարփակ աճի ապահովման հիմնական գործոններից: Ներքին մրցունակության բարձրացումն ու կարգավորիչ բարեփոխումներն առանցքային նշանակություն ունեն ընդարձակ, մասնավոր հատվածով «առաջնորդվող» տնտեսության ձեւավորման համար: Այս գործում կարեւոր դեր ունեն տնտեսական մրցակցության պաշտպանությանն ուղղված իշխանությունների նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները»,- ընդգծել է նա:ԱՄՀ-ն Հայաստանի համար 2016թ. կանխատեսում է 2,4-2,5%, իսկ 2017թ. եւ 2018թ.` համապատասխանաբար 2,7% եւ 3% տնտեսական աճ: Tweet Դիտում՝ 11210