ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են լոլիկի իրացմանն առնչվող հարցեր: Ինչպես հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից, խորհրդակցության ընթացքում Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի նախագահ Պողոս Գեւորգյանն ասել է, որ հանրապետությունում իրացվում է նաեւ Թուրքիայից ներկրված լոլիկ եւ վարունգ, որի մասին իրենք ահազանգել են նախարարին: Նրա խոսքով՝ նախարարությանը դիմելուց հետո ներկրումները դադարել են, մայրաքաղաքի Մալաթիայի գյուղմթերքների շուկայում ներկրված լոլիկ այլեւս չկա, առկա է պահեստավորված լոլիկ եւ վարունգ, որը պարբերաբար որոշակի քանակներով շուկայահանվում է: «Եթե ցանկանում եք, որ խնդիրը հիմնովին լուծվի, պետք է ներդրում ունենաք այդ գործընթացի մեջ: Անհրաժեշտ է դիտարկել նաեւ հարցի տնտեսական կողմը եւ լուրջ ուշադրություն դարձնել տեղական արտադրանքի մրցունակության բարձրացման հարցին, որպեսզի ներկրվող գյուղմթերքի նկատմամբ տեղականը չհայտնվի ոչ շահեկան վիճակում: Միգուցե նախընտրելի է դիվերսիֆիկացնել արտադրանքի տեսականին: Ներկայացրեք առաջարկներ, մենք մշտապես պատրաստ ենք եւ բաց ցանկացած ձեւաչափով քննարկումների համար»,- ասել է նախարարը:Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) պետ Իշխան Կարապետյանն էլ առաջարկել է ստեղծել քաղաքացիական նախաձեռնության խումբ ասոցիացիայի անդամներից եւ գրավոր դիմում ներկայացնել, ինչն էլ հիմք կհանդիսանա Պետական եկամուտների կոմիտե դիմելու եւ տվյալ տնտեսավարող սուբյեկտի մոտ ստուգումներ իրականացնելու համար: Միաժամանակ, Իշխան Կարապետյանը դիմել է Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի նախագահին՝ կոչով հանդես գալ` ջերմոցատերերին հորդորելու Ամանորի նախաշեմին գյուղմթերքի նկատմամբ պահանջարկի աճին զուգահեռ խստիվ ուշադրություն դարձնել արտադրվող ջերմոցային արտադրանքի որակին եւ չչարաշահել թունաքիմիկատները: Tweet Դիտում՝ 2416