Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) պետ Իշխան Կարապետյանն այսօր ասել է, որ իրացման ցանցերի համար խաղի կանոնները լինելու են նույնը, եւ տարբերակված մոտեցումը բացառվում է:Այս մասին ՍԱՊԾ պետն ասել է Երեւանում գործող իրացման խոշոր ցանցերի, այդ թվում` «Վաս Գրուպ», «Ծիրան», «Պարմա», «Էվրիկա Գրուպ», «Քարֆուր», «Սաս Գրուպ», «Նոր Զովք», «Կրպակ», «Ալեքս Գրիգ», «Տիտան», «Հայր եւ որդի Երիցյաններ» ՍՊԸ-ների, «Արեւ» սուպերմարկետների ցանցի, «Ֆրեշ» սուպերմարկետի, ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:«Քաղաքացին պետք է առանց նայելու վստահ լինի. իր գնած ապրանքը համապատասխանում է որակի սահմանված չափանիշներին: Միաժամանակ, մենք տնտեսավարողին վնասելու որեւէ մտադրություն չունենք, այլ ակնկալում ենք համագործակցություն եւ պատասխանատու մոտեցում»,- ասել է ծառայության ղեկավարը: Միաժամանակ, նա ՍԱՊԾ-ի անունից պատրաստակամություն է հայտնել այս կամ այն տեսակի սննդամթերքին ներկայացվող պահանջների մասին իրացման ցանցերի համապատասխան մասնագետներին անհրաժեշտ տեղեկատվություն եւ խորհրդատվություն ներկայացնել:ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը եւս ընդգծել է պիտանիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի անթույլատրելիությունը` նշելով, որ դրա մասին են վկայում իրացվող սննդամթերքի փաթեթավորման կամ տարայի վրա պիտանիության ժամկետի բացակայությունը կամ ընթեռնելի չլինելը, ժամկետի կրկնակի մակնշված լինելը, բնօրինակ պիտանիության ժամկետի ջնջված լինելն ու պիտանիության նոր ժամկետի առկայությունը: Նրա խոսքով՝ ծառայության կողմից արձանագրվել են դեպքեր, երբ իրացվող սննդամթերքի վրա նշված է եղել ապագայի արտադրության օր, իսկ իրացման ցանցում տվյալ ապրանքատեսակը վաճառվել է: Վահե Դանիելյանն իրացման ցանցերի ներկայացուցիչներին հորդորել է ուշադիր լինել սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջների նկատմամբ՝ շեշտելով, որ թերի մակնշված կամ առանց մակնշման ապրանքատեսակները ծառայության կողմից դիտարկվում են խիստ ռիսկային, եւ թերի մակնշմամբ սննդամթերքի իրացումն արգելվում է:ՍԱՊԾ ներկայացուցիչն անդրադարձել է նաեւ սննդամթերքի որակն ու անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերի առկայությանը, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված փոփոխություններին, իրացման ցանցերի աշխատակիցների անձնական հիգիենայի պահպանմանը, սննդամթերքի պահման պայմաններին ներկայացվող պահանջներին: Tweet Դիտում՝ 2076