Այսուհետ Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր Եվրոպայից Իրան եւ հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ, այն է` տարբեր տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումներ իրականացնելիս:Այս շաբաթ փորձնական տարբերակով 2 կոնտեյներ ջրային ճանապարհով տեղափոխվել է Փոթի, այնուհետեւ երկաթուղով Հայաստան` Երասխ կայարան, այստեղից էլ ավտոտրանսպորտով՝ Իրան:ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանի խոսքով` վերջին երկու տարիներին քննարկվում էր տարանցիկ մուլտիմոդալ փոխադրման այս ծրագիրը, քանի որ նախարարության գերակայություններից է Հայաստանի տարածքով միջազգային բեռնափոխադրումների ծավալի մեծացումը: Անդրադառնալով առաջին կոնտեյներների տեղափոխմանը` Արթուր Առաքելյանը նշել է, որ սա փորձնական փոխադրում էր:«Այն թույլ տվեց մեզ ու մեր գործընկերներին դիտարկել ու վերլուծել ճանապարհին ծագող խնդիրները եւ համատեղ աշխատանքով փորձել վերացնել այն խոչընդոտները, որոնք ազդում են փոխադրման ժամանակի եւ գնի վրա»,- նշել է նախարարի առաջին տեղակալը: Նրա փոխանցմամբ՝ կոնտեյներները Փոթիից Երասխ են հասցվել 38 ժամում, որը բավական լավ ցուցանիշ է, սակայն պետք է աշխատել հետագայում այդ ժամանակը հնարավորինս կրճատելու ուղղությամբ:«Բացի տնտեսական ակտիվությունը մեծացնելուց, այս երթուղու ստեղծումը ռազմավարական նշանակություն ունի: Հաշվի առնելով հարեւան երկու պետությունների հետ փակ սահմանները` չափազանց կարեւոր է, որ մենք ունենանք կայուն աշխատող տրանսպորտային միջանցք»,- ասել է Արթուր Առաքելյանը: Նրա համոզմամբ` այս ծրագիրը կնպաստի նաեւ հարեւան Իրանի հետ առեւտրային հարաբերությունների զարգացմանը:Արթուր Առաքելյանը կարեւորել է նաեւ Իրանում Հայաստանի եւ ՀՀ-ում Իրանի դեսպանների դերակատարությունը կողմերի միջեւ արդյունավետ քննարկումներ անցկացնելու հարցում:«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի խոսքով՝ փորձնական փոխադրումը հաստատել է, որ նախագիծն իրատեսական է:«Բեռնափոխադրման այս մոդելը ոչ միայն ժամանակի առումով է արդյունավետ, այլեւ հուսալի է: Եվրոպայի տարածքում կոնտեյների վրա դրված կապարակնիքը մնում է ամբողջական մինչև բեռը կհասնի Թեհրան: Այսինքն՝ բեռը տեղ է հասնում այն նույն վիճակում, ինչպիսին եղել է ճանապարհի սկզբում»,- ասել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարը: Tweet Դիտում՝ 6328