ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մի շարք գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է օրենքով նախատեսված տեսչական ստուգումներ իրականացնելիս առաջնորդվել «տեսուչ-տնտեսվարող սուբյեկտ» համագործակցության սկզբունքով, որի արդյունքում «տեսուչը չպետք է ընդունվի որպես պատժող, տույժ ու տուգանք դնող մարմին»:Այս հանձնարարականով վարչապետը դիմել է արդարադատության, ֆինանսների, արտակարգ իրավիճակների, առողջապահության, տնտեսական զարգացման եւ ներդրումների, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության եւ գիտության, բնապահպանության, էներգետիկ ենթակառուցվածքների նախարարներին, ինչպես նաեւ Քաղաքաշինության պետական կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտեի եւ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահներին: Կարեն Կարապետյանի խոսքով՝ նրանցից յուրաքանչյուրն իր մասով պետք է հետամուտ լինի, որպեսզի տեսուչը դիտվի որպես աջակցող, ոչ թե վերահսկող մարմին, որը պետք է խորհրդատվություն եւ կանխարգելիչ միջոցառումներ առաջարկի, խրախուսի եւ օգնի տնտեսվարող սուբյեկտինˋ նրա գործունեությունը սահմանված պահանջներին համապատասխանեցնելու հարցում: Կառավարության ղեկավարը նշել է, որ նման համագործակցության ձեւավորման համար պետք է մշակել եւ ներդնել նաեւ հետադարձ կապի ապահովման մեխանիզմներ:«Առաջին այցերը պետք է կազմակերպեն մեր տեսչական մարմինները, առաջարկություններ ներկայացնեն, թե ինչ պետք է անեն տնտեսվարողները, որպեսզի համապատասխանեն պահանջվող չափանիշներին: Տնտեսվարողներին կտրվի ժամկետˋ լրացնելու իրենց բացթողումները: Եթե տեսնում ենք, որ չեն լրացնում, ապա կիրառում ենք օրենքի համապատասխան կետերը»,- ասել է Կարեն Կարապետյանը: Tweet Դիտում՝ 16386