ԿԲ-ն ներկայացրել է 2017թ. ծախսերի նախահաշիվն ու կապիտալ ներդրումները

18.11.2016 | 11:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկն այսօր հրապարակել է տեղեկատվություն 2017թ. ծախսերի նախահաշվի եւ կապիտալ ներդրումների մասին:

Մասնավորապես, ԿԲ վարչական ծախսերը 2017թ. համար պլանավորվել են 7,1 մլրդ դրամ` պահպանելով ընթացիկ տարվա մակարդակը, իսկ կապիտալ ներդրումների ծրագիրը նախատեսվել է 24,1 մլրդ դրամ՝ 2016թ. համեմատ կրճատվելով 26%-ով կամ 8,5 մլրդ դրամով:

Կապիտալ ներդրումների ծրագրից շուրջ 19,8 մլրդ դրամը նախատեսվել է ուղղել բնակարանային հիփոթեքային շուկայի զարգացմանը` «Ազգային հիփոթեքային ընկերության» եւ «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող կազմակերպությունների միջոցով:

«Իրականացված այլ հիփոթեքային ծրագրերի արդյունքում Հայաստանում ձեւավորվել է դրամային հիփոթեքային շուկան, որն արդեն կայացած երեւույթ է եւ գործում է ամբողջովին ինքնուրույն` նաեւ ներգրավված այլ միջոցների հաշվին: Այս ամենի արդյունքում այսօր տրամադրված է շուրջ 11 հազ. հիփոթեքային վարկ, 11 հազ. ընտանիք ձեռք են բերել նոր կացարաններ: Նշված ծրագրերի ընդհանուր արժեքը մոտ է 100 մլրդ դրամին, ինչը, բնականաբար ունի որոշիչ դեր թե՛ տնտեսության, ֆինանսական համակարգի համար եւ թե՛ բնակչության բնակարանային ապահովման համար»,- ասված է հաղորդագրությունում:

ԿԲ-ում ընդգծել են, որ 2008թ. Հայաստանում հիփոթեքային շուկայի ընդհանուր ծավալը կազմում էր մոտ 90 մլրդ դրամ, մինչդեռ 2016թ. մնացորդն արդեն կազմում է շուրջ 200 մլրդ դրամ. այս ժամանակահատվածում ընդհանուր առմամբ տրամադրվել է շուրջ 347 մլրդ դրամի հիփոթեքային վարկ:

Միաժամանակ, կապիտալ ներդրումների ծրագրում 2,1 մլրդ դրամը նախատեսվում է ուղղել «Աշխատանքային շենքերի եւ շինությունների կառուցում, ձեռք բերում եւ կապիտալ վերանորոգում» հոդվածին, որից 1,6 մլրդն ուղղվելու է Դիլիջանում հակասողանքային աշխատանքների իրականացմանը՝ շարունակելով ցամաքուրդային թունելի 4-րդ փուլի կառուցումը, իսկ 520 մլն դրամը՝ Դիլիջանում բնակելի շենքի կառուցմանն  ու Սիսիանի ՏԴԿ-ի կառուցման աշխատանքների ավարտմանը:

Ինչ վերաբերվում է 2017թ. վարչական ծախսերին, ապա մի շարք հոդվածներ, ինչպիսիք են «Ծառայողական փոխադրամիջոցների շահագործում» եւ «Ծառայողական նպատակով օգտագործվող կապի միջոցների հետ կապված ծախսեր» հոդվածները, նախորդ տարվա նկատմամբ նվազեցվել են համապատասխանաբար 23 եւ 8 տոկոսներով:

ԿԲ-ում ընդգծել են, որ իրենց կողմից իրականացվող կապիտալ ներդրումները չեն ֆինանսավորվում ՀՀ պետական բյուջեից, որեւէ ուղղակի եւ անուղակի առնչություն չունեն պետբյուջեի ծախսերի եւ եկամուտների հետ, եւ դիտարկվում են որպես էմիսիա, ինչն ուղղված է տնտեսությունում որոշակի  նպատակային ծրագրերի իրականացմանը:

Դիտում՝ 2296
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW