Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը նախօրեին ասել է, որ բանկն օգտագործում է իր գործարար կապերն ու փորձը` ի շահ Հայաստանում սոցիալապես պատասխանատու եւ կենսունակ հանքարդյունաբերության զարգացման:Այս մասին Փոլ Էդգարն ասել է Երեւանում նոյեմբերի 16-ին կայացած «Ժամանակակից հանքարդյունաբերությունը Հայաստանում» խորագրով գործարար համաժողովի շրջանակում, որը կազմակերպվել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունների եւ Էյչ-Էս-Բի-Սի-ի հետ համատեղ: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի ընդհանուր պորտֆելում հանքարդյունաբերությունն ունի աճող մասնաբաժին: Մենք արդեն ունենք որոշ հաճախորդներ այս ոլորտից, եւ փորձում ենք պարզել, թե ինչպես կարող ենք օգտակար լինել նրանց ֆիզիկական սպառման շղթան ֆինանսավորելու հարցում»,- ասել է Փոլ Էդգարը:Նրա խոսքով` համաժողովի շրջանակում բանկի նպատակն է պոտենցիալ եւ գործող հանքարդյունաբերող ընկերություններին եւ սպասարկող ձեռնարկություններին ծանոթացնել ոլորտում առկա հնարավորություններին, ինչպես նաեւ օգտագործելով բանկի գլոբալ ցանցը՝ աջակցել նոր տեխնոլոգիաների մուտքին հայաստանյան շուկա: Էյչ-Էս-Բի-Սի Բանկի՝ Միացյալ Թագավորությունում եւ Ֆրանսիայում Ապրանքահումքային գծով առեւտրի ֆինանսավորման ղեկավար Անդրյու Ռոբիսոնն էլ ներկայացրել է հանքահումքային ոլորտի ընկերությունների գործունեության ֆինանսավորման հիմնական լուծումները:«Որպես գլոբալ բանկ` մենք ակտիվ ենք նախագծային ֆինանսավորման հատվածում, իրականացնում ենք արտահանման վարկավորում այնպիսի մեխանիզմներով, ինչպիսիք են կանխավճարն ու նախաարտահանման ֆինանսավորումը»,- նշել է նա:Անդրյու Ռոբիսոնի խոսքով` հաճախորդների ֆինանսավորման մեխանիզմն ընտրվում է անհատական մոտեցմամբ` ուսումնասիրելով վերջինների գործունեությունը:Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը եւս կարեւորել է հանքարդյունաբերության զարգացման հեռանկարը Հայաստանում` ներկայացնելով ոլորտի ընդհանուր իրավիճակը, մարտահրավերներն ու ակնկալիքները:«Հայաստանը լավ վայր է գործարարությամբ զբաղվելու համար: Այդուհանդերձ, տարածաշրջանում օտարերկրյա ներդրումների մեծ մասը հոսում է Վրաստան: Կարծում եմ` Հայաստանը բավարար չափով ճանաչված չէ որպես ներդրումային հանգրվան, եւ այս ուղղությամբ դեռեւս անելիքներ կան»,- նշել է նա:Մարկ Դեյվիսի խոսքով՝ երկրի հարկային բեռը թեթեւացնելու գործում մեծ դեր կարող են ունենալ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման շնորհիվ առաջացող լրացուցիչ եկամուտները: Այս համատեքստում նա կարեւորել է ոլորտում կայուն զարգացման ապահովման հարցը` հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի ` բիզնեսի, հասարակության եւ պետության հետաքրքրությունները:Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշել է, որ թափանցիկ, պատասխանատու, սոցիալական ու բնապահպանական միջազգային չափանիշների վրա հիմնված հանքարդյունաբերությունը շահավետ ներդրում կարող է լինել Հայաստանի համար:«Հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանում իրական հնարավորություններ կան, որոնք պետք է իրացվեն բնության պահպանության եւ աշխատողների անվտանգության պահպանմամբ: Հայաստանում բնապահպանական չափանիշների կիրառմամբˋ կենսունակ հանքարդյունաբերության ապահովման հնարավորության վառ օրինակը Ամուլսարի ոսկու հանքի ծրագիրն է»,- ասել է դեսպան Ռիչարդ Միլսը: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նկատել է, որ հանքարդյունաբերությունը համարվում է Հայաստանի տնտեսության կարեւոր հենասյուներից մեկն ու արտահանման գործակցում մեծ չափաբաժին ունի: Անդրադառնալով ոլորտի ներդրումային գրավչությանըˋ նախարարն ասել է, որ քայլեր են արվում օտարերկրյա ներդրողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, ենթակառուցվածքների զարգացման ու լոգիստիկ խնդիրների լուծման համար: Tweet Դիտում՝ 15249