ՀՀ Կենտրոնական բանկն այսօր հրապարակել է տեղեկատվություն կենսաթոշակային ֆոնդերի, մասնակիցների եւ կատարողականի վերաբերյալ, որը ներկայացված է ստորեւ:ՀՀ ռեզիդենտ կազմակերպություններ հանդիսացող եւ ՀՀ ԿԲ կողմից կարգավորվող կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներն են՝1. «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն: Որպես պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ լիցենզավորվել է 19/11/2013թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Բաժնետերերն են ֆրանսիական «AMUNDI ASSET MANAGEMENT» ընկերությունը՝ 51% մասնակցությամբ եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 49% մասնակցությամբ: Ֆրանսիական Ամունդին աշխարհում կառավարման ներքո ունի ավելի քան 5 տրլն ԱՄՆ դոլար:2. «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն: Որպես պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ լիցենզավորվել է 29/11/2013թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Բաժնետերերն են ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերությունը (C-QUADRAT Investment AG)՝ 74.9 տոկոս մասնակցությամբ եւ գերմանական «Տալանքս Ասեթ Մենեջմենթ» (Talanx Asset Management GmbH) ընկերությունը՝ 25.1 տոկոս մասնակցությամբ: Խումբն ամբողջ աշխարհում կառավարման ներքո ունի ավելի քան 130 մլրդ ԱՄՆ դոլար:Կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների թիվը կազմում է շուրջ 155 000 մարդ, որից 65 000 պետական համակարգի մասնակիցներ են: Մնացած 90 000 մասնակիցը մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ են:Ֆոնդերի կատարողականի առումով նշենք, որ ֆոնդերի եկամտաբերությունը ստեղծման պահից կազմում է 25.9% (1 փայի գինը ստեղծման պահին 1000 դրամից աճել է մինչեւ 1259 դրամ):Ֆոնդերի եկամտաբերությունը 2016թ. առաջին տասն ամիսների ընթացքում կազմում է 14.4% տարեկանացված: Հատկանշական է, որ ֆոնդերի ստեղծման պահից սկսած մինչ 2016 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածի գնաճը կազմել է ընդամենը 2%, ինչը նշանակում է, որ ֆոնդերը ապահովել են քաղաքացիների խնայողությունների իրական աճ:1. Պետական պարտատոմսեր: Կենսաթոշակային համակարգի ակտիվների 41%-ը կամ 23.3 մլրդ դրամը տեղաբաշխված են ՀՀ պետական պարտատոմսերում:2. Կենսաթոշակային համակարգի ակտիվները տեղաբաշխված են նաեւ բանկերում եւ ոչ պետական արժեթղթերում, որոնք ուղղվում են ՀՀ տնտեսության ֆինանսավորմանը, այդ թվում`- Բանկային ավանդներ: Համակարգի ակտիվների 29%-ը կամ շուրջ 17.0 մլրդ դրամը տեղաբաշխված են բանկերում: Այս երկարաժամկետ ներգրավված միջոցները բանկերին հնարավորություն են տալիս ավելի երկարաժամկետ ներդրումներ անել տնտեսության մեջ՝ հատկապես ՓՄՁ ոլորտում:- Ազգային հիփոթեքային ընկերություն: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներից 788 մլն ՀՀ դրամը տեղաբաշխված է Ազգային հիփոթեքային ընկերության կողմից թողարկված արժեթղթերում: Ստացված միջոցներով Ազգային հիփոթեքային ընկերությունը իրականացնում է հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորում: Բանկերին եւ վարկային կազմակերպություններին տրամադրելով ցածր տոկոսով եւ երկարաժամկետ վարկեր՝ հիփոթեքային վարկերը դարձնում է մատչելի բնակարանային ֆինանսավորման կարիք ունեցող քաղաքացիների համար:- Միջազգային ֆինանսական կորպորացիա (IFC): Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներից 239 մլն ՀՀ դրամը տեղաբաշխված է Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից թողարկված ՀՀ դրամով պարտատոմսերում, որոնք ցուցակված են Nasdaq-ՕMX Armenia ֆոնդային բորսայում: Միջազգային ֆինանսական կորպորացիան նշված միջոցներով իրագործում է վարկավորման ներդրումային ծրագրեր ՀՀ ֆինանսական շուկաներում, արդյունաբերությունում, գյուղատնտեսությունում, հանքարդյունա-բերությունում, առեւտրում եւ այլ ոլորտներում:- Արժեթղթավորման հիմնադրամի արժեթղթեր: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներից 95 մլն դրամ ներդրում է կատարվել ՀՀ-ում առաջին անգամ իրականացված արժեթղթավորման պրոյեկտի միջոցով թողարկված պարտատոմսերում: Թողարկված պարտատոմսերի համար որպես ապահովություն հիմք են հանդիսացել 5 վարկային կազմակերպություններից ձեռք բերված վարկեր 1.2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով (թվով մոտ 600 հատ ՓՄՁ, գյուղատնտեսական եւ սպառողական վարկերը): Թողարկումն իրականացվեց 2015 թվականի դեկտեմբերին, իսկ 2016 թվականի հունվար ամսին ազդարարվեց այս պարտատոմսերի բորսայական առեւտրի մեկնարկը:3. Կենսաթոշակային համակարգի ակտիվների 25%-ը բաժնային արժեթղթեր են (ETF - Exchanged traded funds, արտասահմանյան ֆոնդերի փայեր): Այս ներդրումները կատարվել են օտարերկրյա կապիտալի շուկաներում ձեւավորված շահույթը մեր ֆոնդերի մասնակիցներին հասանելի դարձնելու համար, ընդ որում ETF-երը հանդիսանում են 1000-ից ավել ցուցակված արժեղթղթերի համախումբ: Այս ֆոնդերը ներառում են այնպիսի ընկերությունների արժեթղթեր, ինչպիսիք են Apple, Google, Microsoft, Nestle, Toyota, Nissan, Sony, Coca-Cola եւ այլն: Միջոցները տեղաբաշխված են նաեւ այլ երկրների պետական պարտատոմսերում (ԱՄՆ), հանքարդյունա-բերությունում (Gold mining fund):Քաղաքացիները հնարավորություն ունեն 3 տարբերակով տեղեկանալ իրենց հաշվում առկա միջոցների, այդ թվում հաշվետվությունների մասին՝- հաշվի օպերատորների միջոցով՝ Հայփոստ, Արարատբանկ, Արդշինբանկ, HSBC, Ինեկոբանկ, Կոնվերսբանկ, Հայբիզնեսբանկ, ՎՏԲ Հայաստան Բանկ (քաղաքացիների պահանջի դեպքում հիշյալ կազմակերպություններում նրանց տրամադրվում է համապատասխան տեղեկանք),- epension.am կայքի միջոցով օգտվելով նույնականացման քարտից եւ քարտ կարդացող սարքից,- ՀՀ տարածում գործող ARCA համակարգի բանկոմատների միջոցով (քաղաքացիներն իրենց բանկային քարտերի միջոցով կարող են ծանոթանալ վերջին 10 գործարքներին եւ իրենց հաշվեկշռին):ԿԲ-ն նշում է, որ ֆոնդերի կատարողականի եւ ներդրումների մասին տեղեկատվությունն ամենօրյա պարբերականությամբ թարմացվում եւ առկա է 2 կառավարիչների եւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի ինտերնետային կայքերում (www.amundi-acba.am/, https://www.c-quadrat-ampega.am, www.nasdaqomx.am), իսկ ամփոփ տեղեկատվություն եռամսյակային կտրվածով հրապարակվում է ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային էջում: Tweet Դիտում՝ 13063