Միլս. Ամուլսարի ծրագիրը կենսունակ հանքարդյունաբերության օրինակ է

16.11.2016 | 12:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանում այսօր մեկնարկել է կենսունակ հանքարդյունաբերության հարցերի քննարկմանն ուղղված բիզնես համաժողով, որը կազմակերպվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունների եւ Էյչ-Էս-Բի-Սի Բանկի հետ համատեղ:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշել է, որ թափանցիկ, պատասխանատու, սոցիալական ու բնապահպանական միջազգային չափանիշների վրա հիմնված հանքարդյունաբերությունը շահավետ ներդրում կարող է լինել Հայաստանի համար:

«Հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանում իրական հնարավորություններ կան, որոնք պետք է իրացվեն բնության պահպանության եւ աշխատողների անվտանգության պահպանմամբ: Հայաստանում բնապահպանական չափանիշների կիրառմամբˋ կենսունակ հանքարդյունաբերության ապահովման հնարավորության վառ օրինակը Ամուլսարի ոսկու հանքի ծրագիրն է»,- ասել է դեսպան Ռիչարդ Միլսը:  

Նա նկատել է, որ հանքարդյունաբերությունը հայաստանյան տնտեսության առաջատար ճյուղերից մեկն է, որը զգալի մասնաբաժին ունի երկրի ՀՆԱ-ում:

«Որպես ԱՄՆ կառավարության ներկայացուցիչˋ իմ գործունեության գերակա ուղղություններից մեկը Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ առեւտրային հարաբերությունների խորացումն է: Հավատացած եմ, որ հնարավոր է եւ լավ է Հայաստանում ներդրումներ կատարելը: Վերջին տարիներին ԱՄՆ-ից երկու խոշոր ներդրում է կատարվել այստեղˋ «Որոտանի համալիր»-ումˋ $180 մլն եւ Ամուլսարի ծրագրումˋ $370 մլն ծավալով, որոնք ոչ միայն հարկային եկամուտների ու նոր աշխատատեղերի առիթ կդառնան, այլեւ Հայաստան կբերեն նոր մշակույթ»,- ասել է ԱՄՆ դեսպանը:

ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը եւս նշել է, որ «Հայաստանը լավ տեղ է բիզնեսով զբաղվելու համար»:

«Դրա մասին վկայում է նաեւ Doing business-ի վարկանշային աղյուսակը, սական, օտարերկրյա ներդրողների մոտ Հայաստանը բավարար ճանաչում չունի»,- ասել է Մարկ Դեյվիսը:  

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նկատել է, որ հանքարդյունաբերությունը համարվում է Հայաստանի տնտեսության կարեւոր հենասյուներից մեկն ու արտահանման գործակցում մեծ չափաբաժին ունի: Անդրադառնալով ոլորտի ներդրումային գրավչությանըˋ նախարարն ասել է, որ քայլեր են արվում օտարերկրյա ներդրողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, ենթակառուցվածքների զարգացման ու լոգիստիկ խնդիրների լուծման համար:

Ներկայացնելով հանքարդյունաբերության ոլորտի հայաստանյան իրավիճակն ու հեռանկարներըˋ ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի ղեկավարն ասել է.

«Այս ոլորտում բավական լուրջ խնդիր է առաջացնում խորհրդային ժամանակներից մնացած մշակույթըˋ հատկապես փոքր հանքերի դեպքում: Արժե մտածել պատասխանատու հանքարդյունաբերության մասինˋ լուծելով անցյալից եկած խնդիրները: Կարծում եմˋ «Լիդիան»-ի գործունեությունը կարող է փոխել առկա իրավիճակն ու հանքի շահագործման այնպիսի շարժառիթներ ստեղծել, որոնք կփոխեն ներկայիս պատկերացումները»:

«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ եւ գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը եւս նկատել է, որ Հայաստանում հանքարդյունաբերության հետ կապված հիմնական խնդիրը հին ժամանակներից եկած բացասական փորձն է:

«Ցավոք, այդ խնդրի պատճառով, հասարակության մեջ համոզմունք կա, թե հանքարդյունաբերությունը բացասաբար ու շատ վատ պետք է ազդի շրջակա միջավայրի վրա: «Լիդիան»-ումˋ Ամուլսարի ոսկու հանքի օրինակով, մենք փորձում ենք ցույց տալ հակառակը»,- ասել է Հովարդ Սթիվենսոնը:

Մեկօրյա համաժողովին մասնակցում են հանքարդյունաբերության ոլորտի ամերիկյան 7 եւ հայկական 35 ընկերությունների ներկայացուցիչներ:

Դիտում՝ 8490
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW