ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Նախարարությունում նշել են, որ հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում հետագա համագործակցության հեռանկարները:«Եվրամիությունը մեծ աջակցություն է ցուցաբերում Հայաստանում գյուղատնտեսության բնագավառի զարգացմանը, ինչը շատ բարձր է գնահատվում ՀՀ կառավարության կողմից: Այնուամենայնիվ, ոլորտում դեռ առկա են շատ խնդիրներ, որոնց լուծման համար մենք ակնկալում ենք ձեր օժանդակությունը»,- նշել է Իգնատի Առաքելյանը: Վասիլիս Մարագոսն էլ տեղեկացրել է, որ Եվրամիությունը նախատեսում է շարունակել աջակցությունը գյուղատնտեսության բնագավառում` հավելելով, որ անհրաժեշտ է ճշգրտել այն ուղղությունները, որոնցում հայկական կողմն առավել նպատակահարմար է գտնում փոխգործակցել` ելնելով երկրի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս առաջնահերթություններից եւ գերակա խնդիրներից:Ագրարային ոլորտի առաջնային խնդիրների թվում Իգնատի Առաքելյանը, մասնավորապես, առանձնացրել է գյուղատնտեսության վերավարկավորման, կոոպերացիայի զարգացման, սուբսիդավորման ծրագրերի, իսկ վերամշակող ճյուղում` մթերման գործընթացի բարելավման հարցերը: Նախարարը կարեւորել է նաեւ անասնապահության ոլորտի զարգացումը, ինչը կնպաստի արտադրանքի ծավալների, ինչպես նաեւ ֆերմերների եկամուտների ավելացմանը: Tweet Դիտում՝ 2811