Զոհված եւ հաշմանդամ զինծառայողների վճարները կբարձրանան

10.11.2016 | 16:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել զոհված եւ հաշմանդամ զինծառայողների պետական ապահովագրական վճարներն ավելացնելու մասին նախագիծը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի փոխանցմամբ` նախագծով առաջարկվում է հատուցման գումարներ վճարել այն զինծառայողներին, որոնք մահացել կամ հաշմանդամություն են ստացել մարտական գործողություններին մասնակցելու, ինչպես նաեւ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ:

Վիգեն Սարգսյանի փոխանցմամբ` հատուցման գումարը կվճարվի 2017թ. հունվարի 1-ից հետո տեղի ունեցող դեպքերի համար` հետեւյալ չափերով.

Զոհված եւ առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողի ընտանիքները կստանան միանվագ 10 մլն դրամ ապահովագրական վճար: 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողին կհատկացվի միանվագ 5 մլն դրամ ապահովագրական վճար:

Զոհվելու կամ առաջին կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում ամսական ապահովագրական վճարները կկազմեն` 300 հազ. դրամ՝ սպայական անձնակազմի, 250 հազ. դրամ՝ ենթասպաների եւ 200 հազ. դրամ՝ շարքայինների դեպքում:

Երկրորդ կարգի հաշմանդամների դեպքում այդ վճարները համապատասխանաբար կկազմեն 250 հազ., 200 հազ. եւ 150 հազ. դրամ: Այդ գումարը, որպես ապահովագրական վճար, կվճարվի 20 տարի շարունակ:

Ծրագիրը ֆինանսավորվելու է հատուկ հիմնադրամի միջոցով, որին աշխատող յուրաքանչյուր անձ ամսական վճարելու է 1000 դրամ: Հիմնադրամը նաեւ հավաքագրելու է կամավոր նվիրաբերություններ: Գումարը ծախսվելու է բացառապես ապահովագրական վճարները կատարելու նպատակով:

Հիմնադրամը կունենա նաեւ կառավարման համակարգ՝ ՀՀ կառավարության եւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչներից բաղկացած հոգաբարձուների խորհուրդ, գործադիր տնօրեն, գործադիր հանձնաժողով, որի միակ գործառույթն է լինելու հիմնադրամի միջոցների պրոֆեսիոնալ կառավարման ապահովումը, եթե այդ միջոցները կառավարվելու են հիմնադրամի կողմից` ինքնուրույն:

Հիմնադրամի միջոցների կառավարումը կարող է հանձնվել կառավարման Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից ընտրված մասնագիտացված կառավարչին: Անկախ այն հանգամանքից, թե ով է կառավարելու Հիմնադրամի միջոցները, դրանք կարող են ներդրվել միայն` ՀՀ պետական  եւ ԿԲ արժեթղթերում, ՀՀ ԿԲ-ում կամ բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ օտարերկրյա բանկերում, բարձր վարկանիշ ունեցող երկրների կառավարությունների ու կենտրոնական բանկերի արժեթղթերում, ինչպես նաեւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հաստատված` հիմնադրամի ներդրումային պայուսակի կառուցվածքին համապատասխանող այլ ակտիվներում:

Դիտում՝ 15785
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW