ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի շրջանակում այսօր հանդիպում է ունեցել ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի հետ:Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ մերձավորարեւելյան տարածաշրջանը մշտապես նշանակալի տեղ է զբաղեցրել, եւ հայ-էմիրաթական հարաբերություններն այս առումով փոխգործակցության լավագույն օրինակներից են: Սերժ Սարգսյանը տեղեկացրել է շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումին, որ առաջարկ է ներկայացրել շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանին` Էմիրություններում Հայաստանին նվիրված ներդրումային համաժողով կազմակերպելու վերաբերյալ։ Կողմերը կարեւորել են նաեւ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման հնարավորությունը, որը, նրանց համոզմամբ, զգալիորեն կխթանի զբոսաշրջությունը: Շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումը նշել է, թե էմիրաթական կողմը մտադրություն ունի եկող տարվանից Fly Dubai ավիաընկերության դեպի Երեւան ուղիղ չվերթները դարձնել ամենօրյա:Հանդիպման ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-էմիրաթական համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր: Tweet Դիտում՝ 8790