ՀՀ-ում աղքատության վերացման համար 71,4 մլրդ դրամ է անհրաժեշտ

07.11.2016 | 12:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանում աղքատության հաղթահարման համար անհրաժեշտ է 71,4 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 1,4%-ը` ի լրումն սոցիալական աջակցությանն արդեն իսկ հատկացված միջոցների:

Այս մասին ասված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» զեկույցում, որտեղ ընդգրկված է 2008-2015 թթ. ժամանակահատվածը:

Ինչ վերաբերում է Հայաստանում ծայրահեղ աղքատությանը, ապա դրա վերացումը կպահանջի 1,8 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 0,04%-ը`ի հավելումն ծայրահեղ աղքատներին արդեն իսկ ուղղված սոցիալական աջակցության:

ԱՎԾ-ն աղքատության հաղթահարումը հնարավոր է համարում այս միջոցների՝ խիստ հասցեական օգտագործման դեպքում:

Զեկույցի համաձայն` 2015թ. տվյալներով աղքատության մակարդակը ՀՀ-ում կազմել է 29,8%, այսինքն՝ յուրաքանչյուր 10 բնակչից 3-ի ամսական սպառումը եղել է 41,7 հազ. դրամից պակաս: Ցուցանիշը 2014թ. համեմատ (30%) բարելավվել է 0,2 տոկոսային կետով:

Աղքատների ընդհանուր թիվը կազմել է շուրջ 900 հազ.մարդ (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով), որոնցից 310 հազ-ը շատ աղքատներն են, այդ թվում` 60 հազ. ծայրահեղ աղքատները:

«Աղքատությունը շատ չի տարբերվում ըստ քաղաքային (29,4%) եւ գյուղական (30,4%) բնակավայրերի: 2008-2015 թթ. աղքատության մակարդակի բարձրացումը քաղաքային եւ գյուղական բնակավայրերում կազմում է, համապատասխանաբար, 1,8 եւ 2,9 տոկոսային կետ: Մայրաքաղաք Երեւանում, ըստ տարածաշրջանների, աղքատության մակարդակն ամենացածրն է (25%) եւ 1,4 անգամ զիջում է քաղաքային այլ բնակավայրերին»,- ասված է զեկույցում:

Վերջինի համաձայն` Երեւանում աղքատության աճը 2015թ.՝ 2008թ. համեմատ, կազմել է 4,9 տոկոսային կետ, իսկ Երեւանից դուրս` այլ քաղաքային բնակավայրերում, աղքատության մակարդակը, մնալով ամենաբարձրը, այդուհանդերձ, իջել է 1,4 տոկոսային կետով:

Հայաստանի բոլոր աղքատների 61,5%-ը քաղաքաբնակ են:

Դիտարկվող ժամանակահատվածում աղքատության տարիքային կառուցվածքն էապես չի փոփոխվել. 15-17 տարեկան եւ մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում աղքատության մակարդակն ավելի բարձր է այլ տարիքային խմբերի համեմատ:

Բազմանդամ տնային տնտեսությունների շրջանում աղքատ լինելու հավանականությունն ավելի մեծ է: Հայաստանում մինչեւ 6 տարեկան երեք եւ ավելի երեխա ունեցող տնային տնտեսություններն ունեն աղքատության 2 անգամ ավելի բարձր ռիսկ (59%)՝ հանրապետական միջին մակարդակի (29,8%) համեմատ:

Ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ լավ կրթություն ունեցող անձանց համար աղքատ լինելու հավանականությունն ավելի փոքր է:

Բացի այդ, զբաղվածությունն ուղղակիորեն կապված է աղքատության հավանականության հետ: Դիտարկվող ժամանակահատվածում աղքատների մեծ մասը չի ունեցել աշխատանք, մինչդեռ ոչ աղքատների զգալի մասը զբաղված է եղել որեւէ տեսակի տնտեսական գործունեությամբ:

Դիտում՝ 4433
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW