«Լիդիան»-ը Ամուլսարի աշխատանքների մասին ֆիլմ է ներկայացրել

04.11.2016 | 12:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Լիդիան Արմենիա»-ն համառոտ ֆիլմ է ներկայացրել ժամանակակից հանքարդյունաբերության եւ բնապահպանական կառավարման վերաբերյալ:

Ֆիլմը նկարագրում է բնապահպանական կառավարման այն միջոցառումները, որոնք ընկերությունն իրականացնում է Ամուլսարում: Ֆիլմում ներկայացված են գիտական հետազոտություններ, որոնք եղել են ընկերության բնապահպանական թիմի ամենօրյա աշխատանքի մի մասը տարիների ընթացքում:

Ընկերությունում նշել են, որ ֆիլմում ներկայացված են նաեւ բնապահպանական թիմի մի քանի անդամներ, որոնք կադրից դուրս մնացած իրենց բազմաթիվ գործընկերների, խորհրդատուների, փորձագետների հետ շաբաթներ, ամիսներ եւ տարիներ են անցկացրել Ամուլսարի շուրջ՝ համոզվելու համար, որ բոլոր հնարավոր ռիսկերը գնահատված են եւ բոլոր համապատասխան միջոցառումները ընդգրկված են հանքի նախագծում նախքան շինարարությունը սկսելը:  

«Լիդիան»-ը վստահություն է հայտնում, որ իրենք բարձրացնում են Հայաստանում բնապահպանական եւ սոցիալական կառավարման նշաձողը:

Ընկերությունը ներկայացրել է վերջին շրջանում շրջանառվող մի շարք տեխնիկական հարցերի պատասխանները:
 
Ջրային ռեսուրսներ  
 
Կույտային տարրալվացման հարթակը (ԿՏՀ), դատարկ ապարների լցակույտը (ԴԱԼ) եւ հանքափոսերը նախագծված են այնպես, որ բացառվի աղտոտիչ նյութերի ներթափանցումը բնական միջավայր:
 
Բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատումը (ԲՍԱԳ) վկայում է նաեւ, որ Հայաստանի համար կարեւորագույն բնական ռեսուրս հանդիսացող եւ Ամուլսարից 40 կմ հեռավորության վրա գտնվող Սեւանա լիճը չի ենթարկվի որեւէ ազդեցության: Հանգույցները Սեւանա լճի անմիջական ազդեցության գոտուց դուրս են տեղակայված, ինչպես պահանջում է օրենքը, իսկ Ծրագրի նախագիծը արժանացել է Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի հավանությանը:
 
Շատ կարեւոր է նշել, որ Սեւանա լճի կամ որեւէ այլ ջրային ռեսուրսի վրա ազդեցության բացակայությունը պայմանավորված է ոչ թե այն հանգամանքով, թե որտեղ են տեղակայված հանքի հանգույցները, այլ թե ինչպես են դրանք կառավարվում: Ջրի կառավարման մեր ռազմավարության հիմքում ընկած է կարեւորագույն սկզբունք՝ Ծրագրի ենթակառուցվածքների հետ կոնտակտի մեջ մտնող բոլոր ջրերը ենթակա են մաքրման եւ/կամ ստուգման ու համապատասխանեցման ջրի որակի օրենքով նախատեսված չափանիշներին՝ շրջակա միջավայր թողնելուց առաջ: Հետեւաբար, ապահովվում է բոլոր շրջակա բնական ընկալիչների, այն է՝ հողի, ջրի կամ օդի խիստ պաշտպանություն:      
 
Տեխնոլոգիական ջուրը ամբողջությամբ կշրջանառվի ԿՏՀ միջով: Անձրեւների կամ ձնհալի արտակարգ դեպքերի համար նախատեսված են բավարար պահեստային հնարավորություններ: Կուտակման ավազանները նախատեսվում է  մեկուսացնել կրկնակի գեոսինթետիկ թաղանթով, որի շերտերի միջեւ տեղակայված կլինեն արտահոսքերի հայտնաբերման, հավաքման եւ վերականգնման համակարգեր: Մենք նախատեսում ենք սովորեցնել տեղական համայնքների ներկայացուցիչներին կատարել ջրի, օդի եւ հողի որակի  մշտադիտարկում, որպեսզի համյանքի ներկայացուցիչները մեր մասնագետների հետ հետեւեն վիճակին եւ վստահ լինելը, որ արդյունքները համապատասխանում են սահմանված չափանիշներին:



 Ջերմուկի շրջակա միջավայրն ու համբավը
 
Ամուլսարի նախագիծը բացառում է ծրագրի գործունեությամբ պայմանավորված բացասական ազդեցությունը Ջերմուկի հանքային ջրերի աղբյուրների վրա: Բոլոր կոնտակտային ջրերը նախատեսվում է մշակել Կոնտակտային ջրերի կառավարման պլանով սահմանված կարգով՝ ապահովելու համար բոլոր շրջակա ջրային ռեսուրսների անվտանգությունը: Անհրաժեշտ մեղմացման միջոցառումները հանքի նախագծում ներառելուց բացի, 2013թ. միջազգային փորձագետների կողմից իրականացվել է իզոտոպների ընդգրկուն հետազոտություն, որը հաստատել է, որ Ջերմուկի աղբյուրի ջրերը հոսում են բոլորովին այլ ջրատար համակարգից, որը տարբեր է Ամուլսար ծրագրի համակարգից: Պարզ ասած՝ այս ջրային աղբյուրների միջեւ ֆիզիկական կապը բացակայում է:
 
 
Աշխարհում առկա են բնակավայրերի մոտակայքում անվտանգ շահագործվող հանքերի բազմաթիվ օրինակներ: ԱՄՆ Կոլորադո նահանգում գտնվող Նյումոնթ ընկերության Քրիպլ Քրիք եւ Վիկտոր հանքի հեռավորությունը Քրիպլ Քրիք քաղաքից կազմում է մոտ 1 կմ: Լայնածավալ մեղմացնող միջոցառումների կիրառման դեպքում չկա որէ պատճառ, որ կարող է խոչնդոտել Ամուլսարի անվտանգ շահագործմանը՝ առանց ավելի քան 10 կմ հեռավորության վրա գտնվող Ջերմուկ քաղաքի շրջակա միջավայրի ու համբավի վրա ազդեցության: Մենք պարտավորվում ենք հենց այդպես իրականացնել ծրագիրը: 

Բուսական եւ կենդանական աշխարհ
 
Հայաստանյան ու միջազգային հաստատությունների եւ փորձագետների հետ համագործակցությամբ, ավելի քան յոթ տարվա ելակետային ուսումնասիրությունների եւ մանրակրկիտ վերլուծությունների արդյունքում մշակվել է Կենսաբազմազանության կառավարման ընդգրկուն պլան, որի նպատակն է ապահովել հանքի շահագործմամբ պայմանավորված կենսաբազմազանության հաշվեկշռի զրոյական կորուստ: Ինչպես ցանկացած խոշոր ենթակառուցվածքային ներդրման դեպքում, հանքի շահագործումը ենթադրում է տեղական բուսական եւ կենդանական կենսամիջավայրերի փոփոխություն, պայմանավորված օրինակ այն հանգամանքով, որ ենթակառուցվածքները զբաղեցնելու են կենսամիջավայրի որոշ տարածքներ: Մենք նախատեսում ենք նվազեցնել այդ ազդեցությունները կանխարգելիչ միջոցառումների միջոցով:
 
Որպես օրինակ՝ Հայաստանի Բուսաբանության ինստիտուտի եւ Քեմբրիջի համալսարանի Բուսաբանական այգու մասնագետների կողմից իրականացվել է Մատնունի ծիրանավոր բուսատեսակը ապագա հանքի տարածքից տեղափոխելու ծրագիրը, այն պահպանելու եւ հանքի փակումից հետո վերադարձնելու նպատակով, ինչպես նաեւ ավելի մեծ տարածքի սահմաններում գորշ արջի՝ Ursus arctos, ուսումնասիրություն: Մեր կողմից մշակվում են նաեւ Ջերմուկում ազգային պարկ հիմնելու հավակնոտ ծրագիր՝ տեղական վայրի կենդանիների կենսամիջավայրերի վրա ազդեցությունների փոխհատուցման նպատակով: Այս ծրագրերը կարող են բերել ինչպես բնապահպանական, այնպես էլ տնտեսական զգալի օգուտներ:
 
Ցիանիդի եւ թափոնների կառավարում
 
Բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության անդամ հանդիսացող ԱՄՆ, Ավստրալիան, Չիլին եւ Կանադան, օգտագործում են ցիանիդը ոսկու հանքերում: Չնայած որ այն թունավոր նյութ է, ցիանիդը լայնորեն կիրառվում է այլ արտադրություններում, այդ թվում՝ կոսմետիկայի, քիմիական եւ դեղագործական արտադրություններում: Ճիշտ կառավարման եւ համապատասխան միջոցների ապահովման դեպքում ցիանիդը բարձր ռիսկայինություն չի ներկայացնում: Ամուլսարի համար մշակվել է ցիանիդի կառավարման պլան, որը համապատասխանում է Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի պահանջներին: 2016թ. սեպտեմբերին Լիդիանը միացավ այդ Օրենսգրքին: Ամուլսարում, մանրացված հանքաքարից ոսկի կորզելու համար, նախատեսվում է օգտագործել ցիանիդի նոսրացված լուծույթ: Ջրի մեջ լուծվելուց հետո ցիանիդը հայտնվում է փակ համակարգում, որտեղ pH մակարդակը վերահսկվում է կրի միջոցով՝ կանխելով ջրածնային ցիանիդի գազի ձեւավորումը: Ցիանիդի նույնիսկ փոքր արտահոսքը շրջակա միջավայր կանխելու նպատակով տեղադրվելու են արտահոսքի հայտնաբերման սարքավորումներ եւ դետեկտորներ, իսկ ԿՏՀ-ի շրջակայքում իրականացվելու են օդի եւ գրունտային ջրերի որակի պարբերական ստուգումներ:

«Ամուլսարը ունի պարտավորություն հետեւելու միջազգային լավագույն փորձին եւ դա Հայատանի հանքարդյունաբերության ոլորտում կարող է նոր հնարավորություն ստեղծել: Որպես մասնավոր ոլորտում խոշորագույն ներդրում` Ամուլսարը կստեղծի հարյուրավոր աշխատատեղեր տեղացիների համար, մատակարարման հսկայական շղթա եւ հարկեր, որոնք կխթանեն Հայաստանի տնտեսությունը, զուգահեռաբար միջազգայնորեն ճանաչված չափորոշիչները բերելով բնապահպանական եւ սոցիալական ռիսկերի կառավարման գործընթաց:

Վստահ ենք, որ մեր ծրագիրը նոր էջ է բացում Հայաստանում միջազգային համընդհանուր կիրառելի բնապահպանական եւ սոցիալական չափանիշներին հետեւելու գործում, այն էական օգուտ կբերի երկրի, տեղական համայնքների, աշխատուժի եւ ներդրողների համար»,- նշել են «Լիդիան»-ում:

Դիտում՝ 3408
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW