ԿԲ. Բանկերի կանոնադրական կապիտալի 70%-ը ոչ ռեզիդենտ աղբյուրներից է

03.11.2016 | 16:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2016թ. առաջին կիսամյակում ՀՀ չորս առեւտրային բանկ համալրել է իր կանոնադրական կապիտալը 29,3 մլրդ դրամի չափով, որից 23 մլրդ դրամը` ոչ ռեզիդենտ աղբյուրների հաշվին:

ՀՀ Կենտրոնական բանկի՝ այսօր հրապարակած «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2016թ. 1-ին կիսամյակ» զեկույցի համաձայն`ոչ ռեզիդենտների մասնակցության տեսակարար կշիռը բանկային համակարգի կանոնադրական կապիտալում աճել է 2,9 տոկոսային կետով եւ կազմել 70.6%:

Ըստ զեկույցի` բանկային համակարգի կողմից տնտեսությանը տրամադրված վարկերն առաջին կիսամյակում ավելացել են 3,4%-ով:

Վարկային պորտֆելում առավել մեծ մասնաբաժին ունեն սպառողական, արդյունաբերության եւ առեւտրի ոլորտների վարկերը` համապատասխանաբար 20%, 18,2% եւ 17,4%:

ՀՀ բանկային համակարգի չաշխատող վարկերի եւ դեբիտորական պարտքերի տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ աճել է 1,3 տոկոսային կետով` կազմելով 8,7%:

«Վարկային պորտֆելի որակի վատացմանը հիմնականում նպաստել են նախորդ տարիներին վարկային պորտֆելի արագատեմպ աճը, ինչպես նաեւ ՀՀ տնտեսական աճի տեմպերի դանդաղումը»,- ասված է զեկույցում:

Պորտֆելի որակի զգալի նվազում արձանագրվել են շինարարության, հանրային սննդի, սպասարկման եւ արդյունաբերության ոլորտներում, որտեղ չաշխատող վարկերի եւ դեբիտորական պարտքերի մասնաբաժիններն ավելացել են համապատասխանաբար 6,4, 2,4 եւ 2 տոկոսային կետով` կազմելով 15,9%, 16,2% եւ 11,2%:

ԿԲ-ի տվյալներով` գրանցվել է աճ վարկեր/ՀՆԱ եւ ավանդներ/ՀՆԱ ցուցանիշներում (1,3 եւ 1,7 տոկոսային կետով` կազմելով 41,1% եւ 36,4%):

ԿԲ-ում ընդգծել են նաեւ, որ ՀՀ առեւտրային բանկերն իրացվելիության խնդիր չունեն:

«Ընդհանուր եւ ընթացիկ իրացվելիության նորմատիվային ցուցանիշները պահպանվել են պահանջվող նորմատիվային սահմանաչափերի ներքո, եւ որեւէ բանկում իրացվելիության նորմատիվային պահանջների խախտումներ չեն արձանագրվել»,- ասված է զեկույցում:

ԿԲ-ն արձանագրել է, որ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների համաձայն՝ առաջին կիսամյակի ընթացքում բանկային համակարգի զուտ շահույթը կազմել է 12,3 մլրդ դրամ, որի պարագայում, ըստ ակտիվների (RoA) եւ ըստ կապիտալի (RoE), շահութաբերության ցուցանիշները (տարեկանացված) կազմել են համապատասխանաբար 0,7% եւ 4,7% (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում՝ 0,3% եւ 1,8%):

Դիտում՝ 5231
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW