ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ճանապարհային երթեւեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի եւ վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրի վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով:«Երեք-չորս տարի առաջ, հաշվի առնելով Երեւանում եւ ընդհանրապես հանրապետությունում մեքենաների թվի անշեղորեն աճը եւ սրա հետ կապված նաեւ անհարմարությունների ավելացումը, մենք, ուսումնասիրելով միջազգային փորձը, որոշում կայացրեցինք պետություն-մասնավոր համագործակցության միջոցով սկզբից Երեւանում, այնուհետեւ նաեւ հանրապետության հիմնական մայրուղիներում ներդնել համապատասխան համակարգ, որի նպատակն էր քչացնել մարդկային գործոնի ազդեցությունն այդ պրոցեսների վրա, պետավտոտեսուչներին հնարավորինս զերծ պահել ճնշումներից, քչացնել նրանց կողմից կոռուպցիոն ռիսկերի առկայությունը: Արդյունքում շատ լավ գիտակցելով, որ կունենանք դժգոհություններ, շահարկումներ, այսօր եկանք այն եզրակացության, որ, իհարկե, զգալի աշխատանք է կատարվել, թեեւ դրանից դժգոհությունները չեն քչացել: Բայց մյուս կողմից մենք պարտավոր ենք արձանագրել, որ բարձրացել է վարորդների իրավագիտակցության մակարդակը, որոշակի խնդիրներ լուծվել են, սակայն ամեն հանգրվանում մենք պետք է ունենանք նոր մոտեցումներ:Մեկ տարի առաջ մենք խորհրդակցություն անցկացրեցինք, մեկ անգամ եւս ընդգծեցինք, որ այդ համակարգերի ներդրումը պայմանավորված չէր ֆինանսական ակնկալիքներով, եւ տուգանքները ոչ թե վարորդներից փող կորզելու միջոց են, այլ դրանք կանխարգելիչ բնույթ ունեն: Այսինքն` տուգանքը նպատակ չի, ընդամենը միջոց է, որպեսզի այդ խնդիրները կարգավորվեն: Հանձնարարություն տվեցինք համապատասխան մարմիններին՝ մեկ անգամ եւս ուշադրությամբ ուսումնասիրել ողջ գործընթացը, եւ եթե որոշակի խնդիրներ կային, ապա դրանց տալ լուծումներ: Սկսած հենց երթեւեկության կանոնների կարգավորումից, ավարտած տուգանքների չափերով:Այս խորհրդակցությունը երկու նպատակ ունի: Նախ՝ հասկանալ, թե նախորդ խորհրդակցության արդյունքում ի՞նչ է կատարվել եւ երկրորդ՝ հայտարարել, որ մեր կարծիքով, մենք հասել ենք այն փուլին, երբ այդ համակարգերը շահագործող ընկերությունները, կատարելով մեծ ներդրումներ, որոշակի ֆինանսական խնդիրներ են լուծել, եւ ժամանակն է, որպեսզի ողջ ֆինանսական հոսքերը կառավարվեն համապատասխան պետական եւ համայնքային կառույցների կողմից: Ուրեմն, հանձնարարական կառավարությանը՝ լուծել այս հարցը` բնականաբար, հաշվի առնելով սեփականության անձեռնմխելիությունը ու նաեւ պետության ու համայնքի շահերը: Ես կարծում եմ, որ լուծումները կան եւ այդ լուծումները նաեւ պիտի բերեն մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Նույն հանձնարարությունը Ոստիկանապետին, Երեւանի քաղաքապետին: Կարծում եմ, որ մեկ շաբաթը կամ տասը օրը բավարար է, որպեսզի համապատասխան բանակցություններ վարվեն եւ որոշումներ կայացվեն: Մեկ անգամ եւս կրկնում եմ՝ այս պարագայում եւս նպատակը վարորդներից փող կորզելը չպետք է լինի, նպատակը պետք է լինի մեր քաղաքացիների համար հարմարավետ պայմանների ստեղծումը»,- ասել է ՀՀ նախագահը:Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ՀՀ նախագահը հանձնարարել է ՀՀ ոստիկանության պետին եւ առաջարկել Երեւանի քաղաքապետին՝ «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ եւ «Փարկինգ Սիթի Սերվիս» ու «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ բանակցությունների արդյունքում 10-օրյա ժամկետում համապատասխան իրավական մեխանիզմներ մշակել, որպեսզի սեփականության ձեւով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումն անցնեն պետական եւ համայնքային կառույցներին: Tweet Դիտում՝ 4582