Քաղավիացիա. Լոուքոսթերներն անվտանգության որեւէ խնդիր չունեն

01.11.2016 | 14:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանն այսօր ասել է, որ ՀՀ ավիաոլորտում առկա է որոշակի բաց, այդ թվում՝ դեպի Եվրոպա ուղղություններով, որի ուղղությամբ տարվում են աշխատանքներ:

«Արդեն ունենք որոշակի հաջողություններ բյուջետային ավիաընկերությունների ներգրավման հարցում: Մեկ ընկերություն`ռուսական «Պոբեդա»-ն, արդեն հայտարարել է, որ պատրաստվում է սպասարկել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը: Աշխատում ենք, որ այն միակը չլինի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Աննա Չոբանյանը:

Նրա խոսքով՝ «Պոբեդա»-ն նախատեսում է չվերթներ շաբաթական 3 անգամ դեպի Մոսկվա եւ հակառակ ուղղությունով: Ըստ նրա՝ դա նաեւ հնարավորություն կտա ՌԴ մայրաքաղաքն օգտագործել որպես տրանզիտ՝ նվազեցնելով ընդհանուր ուղեւորության արժեքը:

Աննա Չոբանյանն ընդգծել է, որ բյուջետային եւ սովորական ավիաընկերությունների միջեւ առկա են տարբերություններ, սակայն ոչ անվտանգության առումով, քանի որ «բյուջետային ընկերությունները համապատասխանում են անվտանգության բոլոր ստանդարտներին»:

«Լոուքոսթերների մատուցած ծառայություններն ավելի ցածր են որակի առումով, քան դասականներինը, օրինակ` օդանավում երբեք սնունդն ու ըմպելիքներն անվճար չեն լինում, սահմանվում է առանձին գին ուղեբեռի համար, դրանք սպասարկում են ոչ բարձրակարգ օդանավակայաններ, օրինակ` «Զվարթնոց»-ի փոխարեն՝ «Շիրակ»-ը: Սա նորմալ է. այս ընկերությունները պետք է խնայեն շատ հարցերում` մատչելի սակագներ առաջարկելու համար: Այդուհանդերձ, անվտանգության առումով որեւէ տարբերություն լինել չի կարող»,- պարզաբանել է Քաղավիացիայի ներկայացուցիչը:
 
Անդրադառնալով հարցին, թե արդյոք բյուջետային ավիաընկերությունների, մասնավորապես՝ «Պոբեդա»-ի առաջարկած սկսած 10 հազ. դրամից սակագինն իրական է, Աննա Չոբանյանը նշել է, որ ավիատոմսի արժեքը կարող է որոշակիորեն շեղվել հայտարարված նվազագույնից` կախված ներառված ծառայությունների ցանկից, ուղեբեռից, տոմսի ամրագրման ժամանակահատվածից եւ այլն:

«Բյուջետային ավիաընկերության սակագները երբեք չեն կարող հասնել դասականի առաջարկներին, այլապես այդ ընկերությունները շահույթ չեն ստանա: Եթե, օրինակ, «Շիրակ» օդանավակայանից չվերթի համար առաջարկվի նույն սակագինը, ինչ «Զվարթնոց»-ից է, ապա քաղաքացիները կնախընտրեն թռչել «Զվարթնոց»-ից»,- նշել է նա:

Աննա Չոբանյանը նաեւ ասել է, որ վերջին շրջանում նկատվում է Հայաստանից Վրաստանի միջոցով թռիչքների ծավալի նվազում, սակայն այս հարցի շուրջ իրենք դեռեւս անելիքներ ունեն:

«Վրաստանն անցել է «Բաց երկնքի» քաղաքականության 2005թ., եւ երկար տարիներ աշխատելուց հետո հասել է նրան, որ ինչ-որ ուղղություններով ունի ցածր սակագներ, որի արդյունքում ՀՀ որոշ ուղեւորներ մեկնում են Վրաստանից: Բացի այդ, Վրաստանում կա տուրիստների մեծ հոսք, գործում են թուրքական ավիաընկերություններ, որոնք մրցունակ են ամբողջ աշխարհում»,- նշել է նա:

Աննա Չոբանյանը հիշեցրել է, որ Հայաստանը «Բաց երկնքի» քաղաքականության է անցել 3 տարի առաջ, ինչը քիչ ժամանակ է ավիացիայի ոլորտում «աննախադեպ արդյունքներ» գրանցելու համար:

Banks.am-ի անդրադարձը՝ բյուջետային ավիաընկերությունների՝ հայաստանյան շուկա մուտք գործելու հնարավորություններին, կարող եք կարդալ այստեղ

Դիտում՝ 3004
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW