Հոկտեմբերի 28-29-ին 21 թիմ ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում մասնակցել է FinTech ձեւաչափի առաջին Fintegration հաքաթոնին, որի նպատակն էր միավորել ֆինանսական ծառայությունները եւ թվային տեխնոլոգիաները: Թիմերը 18-ժամյա հաքաթոնի ընթացքում, օգտագործելով Microsoft-ի BlockChain, Cognitive Services, Cortana Analytics եւ Bot Framework տեխնոլոգիական հարթակները, մշակել են նորարարական լուծումներ եւ ներկայացրել ժյուրիին:Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնի ղեկավար Մարտին Գալստյանը Banks.am-ի հետ զրույցում նշել է, որ իրեն տպավորել է հաքաթոնին մասնակցող թիմերի որակը:«Կային լուծումներ, որոնց վրա դեռ անհրաժեշտ էր աշխատել, եւ կային նաեւ այնպիսիք, որոնք կատարելության փուլում էին, պատրաստ են միանգամից դուրս գալ շուկա եւ վենչուրային ներդրումներ ներգրավել: Կարծում եմ` բանկերի համար սա լուրջ հնարավորություն էր՝ ծանոթանալու ստարտափ լուծումների միջավայրին»,- ասել է Մարտին Գալստյանը: ԿԲ ներկայացուցչի խոսքով՝ եթե թիմերի հետ աշխատեն հմուտ մասնագետներ, ապա այդ լուծումների մի մասը վստահաբար կարող է կյանքի կոչվել: «Ինձ տպավորել են բոտերի (ավտոմատացված ծրագիր-գործընթացներ-խմբ.) հետ կապված լուծումները: Նույնը կարելի է ասել մեքենայական ուսուցման, արհեստական բանականության եւ BlockChain-ին առնչվող մի շարք լուծումների մասին: Կարծում եմ` անհրաժեշտ է նման միջոցառումներ ավելի հաճախ կազմակերպել»,- նշել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավարը: «Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանն էլ նշել է, որ իրենց տեղեկություններով՝ սա աշխարհում առաջին հաքաթոնն էր, որ կազմակերպվում էր Կենտրոնական բանկի տարածքում, ինչը նրա խոսքով, փաստում է, որ ՀՀ ԿԲ-ն բաց է նոր տեխնոլոգիաների համար: «Մեծ հույս ունեմ, որ մասնակիցներն ինչ-որ նոր բան սովորեցին այս օրերի ընթացքում: Ուրախ եմ, որ սա նաեւ առաջին խոշոր fintech հաքաթոնն էր Հայաստանում: Հուսամ, որ այն լուծումները, որոնք ներկայացվեցին եւ դեռեւս նախնական փուլում են, զարգացում կստանան եւ իսկապես օգտակար կլինեն ֆինանսական հաստատությունների համար»,- ասել է Լիանա Կորկոտյանը:Հաքաթոնի կազմակերպիչ «Դոմ-Դենիել» ընկերության տնօրեն Արտաշես Քալանթարյանն էլ ընդգծել է, որ միջոցառումն աննախադեպ էր իր ձեւաչափով: «Համագործակցությունը ֆինանսական կառույցների` ներառյալ ԿԲ-ի հետ, բովանդակության մասով «Մայքրոսոֆթի» թիմի թրեյնինգները, ինչպես նաեւ եռօրյա նախապատրաստական դասընթացները միջոցառմանը բացառիկություն հաղորդեցին: Այն հանգամանքը, որ հաղթեցին մարդիկ, որոնք ունեին մի քանի ամսվա փորձ, ցույց է տալիս, որ շատ կարեւոր է գաղափարը եւ ցանկությունը: Իրականում հավասար պայքար էր, եւ մի շարք թիմեր շատ մոտ էին մրցանակային տեղերին` գնահատականներով»,- ընդգծել է նա:Fintegration հաքաթոնը կազմակերպել էին «Մայքրոսոֆթ Հայաստանը» եւ «Դոմ Դանիել» ընկերությունը՝ ՀՀ Կենտրոնական բանկի եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի հետ համատեղ: Tweet Դիտում՝ 5534