Յունիբանկը տոնում է իր 15-ամյակը

24.10.2016 | 13:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այս տարի Յունիբանկը տոնում է իր հիմնադրման 15-ամյակը:

Բանկում տեղեկացրել են, որ 15-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառումը տեղի կունենա այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տոնական համերգին կմասնակցեն հայ եւ արտասահմանյան հայտնի կատարողներ:

«Յունիբանկն իր առաքելությունն է համարում նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը, իր հաճախորդների, բաժնետերերի եւ գործընկերների ֆինանսական վիճակի բարելավմանը, ինչպես նաեւ որակյալ ֆինանսական ծառայությունների նկատմամբ հասարակության պահանջարկի բավարարմանը: 15 տարվա կայուն եւ հաջող աշխատանքի արդյունքում «Յունիբանկը» կարողացավ արժանանալ հաճախորդների վստահությանը եւ ձեռքբերել բարձր հեղինակություն եւ գործարար համբավ»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում նշել են, որ այսօր Յունիբանկի ծառայություններից օգտվում է ավելի քան 320 հազ. հաճախորդ, իսկ 4 հազ. փոքր եւ միջին ձեռնարկություններ ընտրել են բանկը՝ որպես ֆինանսական գործընկեր: Բանկին վստահել են ավելի քան 24 հազ. ավանդ:

2016թ. երրորդ եռամսյակում Յունիբանկը գրանցել է դրական ֆինանսական արդյունք գործունեության բոլոր հիմնական ուղղություններով եւ շարունակել է շահույթի աճը: Բանկի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 175 մլրդ դրամ, պարտավորությունները` 143 մլրդ դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը գերազանցել է 31 մլրդ դրամը` նախորդ տարվա համեմատ աճելով մոտ 41%-ով:

Յունիբանկի կապիտալի աճով պայմանավորված՝ Moody’s Investors Service միջազգային գործակալությունը 2016թ. օգոստոսին բարելավել էր Յունիբանկի վարկանիշի կանխատեսումը` դարձնելով այն «պոզիտիվ»: Տարվա սկզբից բանկն ապահովել է 622 մլն ՀՀ դրամի շահույթ:

Ներկայում բանկի մանրածախ վարկերի քանակը գերազանցում է 210 հազ-ը:

«Յունիբանկը շարունակում է ակտիվ օժանդակություն տրամադրել երկրի տնտեսության հիմքը ձեւավորող փոքր եւ միջին ձեռնարկություններին: Բանկի վարկային ծրագրերը մշակելիս հաշվի են առնվում ՓՄՁ-ներին համալիր աջակցության տրամադրման հնարավորությունը, նրանց պահանջմունքներն  ու սեզոնային գործունեությունը»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում ընդգծել են, որ Յունիբանկն առաջին բանկն է Հայաստանում, որ 2015թ. նախնական հրապարակային առաջարկի միջոցով իրականացրել է բաժնետոմսերի տեղաբաշխում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում:

Յունիբանկի սպասարկման ցանցը ներառում է 46 մասնաճյուղ եւ ներկայացուցչություն Մոսկվայում, 113 բանկոմատ, 163 վճարային տերմինալ եւ ավելի քան 50 պրոմո կետ:

Բանկը համագործակցում է մանկական հիմնադրամների, այդ թվում` «Նվիրիր կյանք» հիմնադրամի հետ, օգնում է անցկացնել մանկական սպրոտային մրցաշարեր:

«Յունիբանկն անհրաժեշտ բոլոր ջանքերը կներդնի, որպեսզի համագործակցությունն իր հաճախորդների, բաժնետերերի եւ գործընկերների հետ շարունակվի եւ հիմնված լինի փոխադարձ հարգանքի, վստահության եւ հաջողության ձգտման վրա»,- նշել են բանկում:

Դիտում՝ 5343
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW