ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանն այսօր ասել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում հանրապետությունում բենզինի մանրածախ գները նվազել են շուրջ 20 դրամով:Այս մասին Արտակ Շաբոյանն ասել է Երեւանում կայացած «ՏՄՊՊՀ-գործարար արդյունավետ համագործակցության ընդլայնում» խորագրով քննարկման ժամանակ:Նրա խոսքով՝ Հայաստան բենզին ներկրողների թիվը համալրվել է եւս մեկով. շուկա է մտել «Մաքս Գրուպ» ընկերությունը, որը, ներմուծելով բենզինի խոշոր խմբաքանակ, այն ձեռք է բերել նվազեցված գնով, ինչը նրան հնարավորություն է տվել ՀՀ-ում բենզինը վաճառել ավելի էժան: Սա հանգեցրել է ընդհանուր շուկայում գների նվազմանը:«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բենզինի շուկայում մուտքի խոչընդոտներ չկան: Եթե կլինեն տնտեսվարողներ, որոնք կցանկանան զբաղվել այդ գործունեությամբ, ապա շուկան ամբողջությամբ բաց է, վարչարարական պատնեշներ չկան»,- նշել է նա: ՏՄՊՊՀ ղեկավարը տեղեկացրել է, որ Հայաստանը բենզին ներկրում է հիմնականում Ռուսաստանից, որոշ քանակությամբ էլ` Ռումինիայից: Այս գործունեությամբ ներկայում զբաղվում է 3 ընկերություն:Ինչ վերաբերում է բենզինի շուկայում գների հետագա նվազմանը, ապա Արտակ Շաբոյանը նշել է, որ ապագայի վերաբերյալ կոնկրետ գնահատականներ չունի: Նրա խոսքով` միջազգային շուկաներում գների ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա անուղղակի է, քանի որ, նախ, գնանշվում է նավթը, ոչ թե բենզինը, բացի այդ, գոյություն ունեն այդ ազդեցության ժամանակային լագեր, ինչը թույլ չի տալիս ճշգրիտ կանխատեսումներ անել:Հանձնաժողովի ղեկավարը տեղեկացրել է, որ վերջին շրջանում ՀՀ տնտեսության մի շարք ոլորտներում ավելացել է տնտեսվարողների քանակը, ինչի արդյունքում շահել է մրցակցային դաշտը: Tweet Դիտում՝ 4459