Վարչապետը հանձնարարել է մամուլի հետ աշխատել «բաց ու թափանցիկ»

13.10.2016 | 14:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում կրթության եւ գիտության նախարարին, մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին առաջադրել է 7-օրյա ժամկետում մշակել ու ներկայացնել առաջարկություններ՝ հանրակրթական հաստատությունների ղեկավարների ընտրության գործընթացում ազգակցական կապերի, հովանավորչության եւ շահերի բախման երեւույթների առնչությամբ:

«Բոլորդ շատ լավ հասկանում եք, թե ինչի մասին է խոսքը: Մայր եւ աղջիկ՝ նույն դպրոցում եւ այլն: Չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն, բայց պետք է տարբերակել՝ որտեղ է օբյեկտիվ, որտեղ՝ սուբյեկտիվ»,- ասել է Կարեն Կարապետյանը:

ԿԳՆ-ին հանձնարարվել է գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում ապահովել շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հեռահաղորդակցային կապի իրականացում՝ մշակելով տվյալ դպրոցի հետ ուսուցողական ծրագրի մեխանիզմները:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին հանձնարարվել է ծառայությունները դարձնել ավելի հասանելի եւ առաջարկություններ ներկայացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց եղանակով դիմելու հնարավորության վերաբերյալ:

Նույն գերատեսչությանն ուղղված հաջորդ հանձնարարականով վարչապետն առաջարկել է հնարավորություն ընձեռել, որպեսզի կենսաթոշակ եւ նպաստ նշանակելու դիմումը քաղաքացին կարողանա ներկայացնել ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի հաշվառման վայրից:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարին հանձնարարվել է կրճատել չհիմնավորված ծախսերը:

Կարեն Կարապետյանն այսօրվա նիստում նախարարներին առաջարկել է այսուհետ հարցերը զեկուցել տեղից՝ առանց ամբիոնին մոտենալու:

Ամփոփելով հանձնարարականները՝ վարչապետը բոլոր գերատեսչությունների ղեկավարներին առաջարկել է թափանցիկ ու բաց աշխատել մամուլի հետ եւ հասարակությանը պարբերաբար ներկայացնել կառավարության աշխատանքի վերաբերյալ տեղեկություններ:

«Մարդիկ պետք է հասկանան, թե ինչ ենք անում, ինչու ենք անում եւ ուր ենք գնում»,- ամփոփել է Կարեն Կարապետյանը:  

Դիտում՝ 3049
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW