ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօրվա նիստում հանձնարարել է ֆինանսների նախարարին երկշաբաթյա ժամկետում ներկայացնել որոշման նախագիծ, որի համաձայն՝ պետական մարմինների կողմից պարբերական սպառման բնույթ ունեցող ապրանքների ու ծառայությունների գնման գործընթացն ամբողջությամբ կիրականցվի կենտրոնացված եղանակով՝ համապատասխան մասնագիտացված կառույցի կողմից: Կարեն Կարապետյանն անդրադարձել է նաեւ գնումների գործընթացի էլեկտրոնային եղանակով կազմակերպմանը՝ նկատելով, որ սպեցիֆիկ ապրանքների գնման գործընթացին եւս հատուկ կարգավորում կտրվի՝ խուսափելու համար առաջացող խնդիրներից:Վարչապետի խոսքով՝ բնակչությանը ներկայացվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը պետք է գերակայություն լինել կառավարության անդամների համար եւ ընկած լինեն ընդունվող որոշումների հիմքում: Գործադիրի անդամներին հանձնարարվել է նաեւ արդարադատության նախարարությանն ամփոփ ներկայացնել այն ծառայություններն ու ընթացակարգերը, որոնք ներկայացվում են տվյալ գերատեսչության կողմից:«Արդարադատության նախարարությունը պետք է ամփոփի տվյալներն ու դրանց հիման վրա առաջարկություններ ներկայացնի կառավարությանը: Սա նպատակ ունի հնարավորինս նվազեցնել հերթերն ու անտեղի պահանջվող տեղեկանքների քանակը»,- ասել է վարչապետը: Միաժամանակ, Կարեն Կարապետյանը հանձնարարել է նախարարներին գործադիր մարմնի լուծմանը չներկայացնել այն որոշումներն ու խնդիրները, որոնք կարող են լուծվել իրենց իսկ կողմից: Նախարարներին հանձնարարվել է 10-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնել առաջարկություններ այն որոշումների վերաբերյալ, որոնք նպատակահարմար է ընդունել գործադիր մարմնի ղեկավարի մակարդակով:«Տարվա ընթացքում ընդունվում է կառավարության մի քանի հազար որոշում, մինչդեռ դրանց մի մասը հնարավոր է լուծել նախարարական կամ այլ պետական հիմնարկների մակարդակում: Մենք ցանկանում ենք վստահության կառավարման համակարգ ստեղծել, վստահել մեր թիմի անդամներին եւ մաքսիմալ ձեւակերպել, թե որ որոշումներն են իրենք լիազոր կատարելու, բալանսավորել իրենց պարտականություններն ու պարտավորությունները: Ամբողջը կնետրոնացնելով այստեղ՝ մենք էֆեկտիվ կառավարություն չենք ունենա»,- նշել է Կարեն Կարապետյանը: Tweet Դիտում՝ 3413