Թերեզա Սանչես. ՀՀ տնտեսական աճն ԱՄՀ կանխատեսումից ցածր կլինի

05.10.2016 | 14:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2016թ. համար Հայաստանում կանխատեսել է 3,2% տնտեսական աճ` վերանայելով իր նախորդ՝ 2,2% կանխատեսումը: 2017թ. համար կանխատեսվում է 3,4% աճ՝ 2,5%-ի փոխարեն:

Այս մասին նշված է ԱՄՀ-ի վերջին՝ «Համաշխարհային տնտեսության հեռանկարները. Ճնշված պահանջարկ. ախտանիշներ եւ միջոցներ» (World Economic Outlook. Subdued Demand: Symptoms and Remedies) զեկույցում:

Համեմատության համար նշենք, որ 2016թ. ՀՀ պետբյուջեի հիմքում դրվել է տնտեսական աճի 2,2%-ի կանխատեսումը:

Հայաստանում ԱՄՀ երեւանյան գրասենյակի ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսը Banks.am-ի խնդրանքով մեկնաբանել է այս լուրը:

«Տնտեսական աճը Հայաստանում 2016թ., իրականում, կլինի կանխատեսվածից ցածր`2,8%-ին մոտ: Զեկույցը մշակվել է դեռեւս ամռանը, երբ ԱՎԾ-ի հրապարակած տնտեսական ակտիվության տվյալները բավական լավն էին: Մինչդեռ վերջին շրջանում ՀՀ տնտեսական ակտիվությունը նվազել է, ինչը չի հասցրել արտացոլվել զեկույցում»,- նշել է Թերեզա Սանչեսը:

Նրա խոսքով` չնայած Հայաստանը խիստ զգայուն է արտաքին ազդակների նկատմամբ, հատկապես` Ռուսաստանի տնտեսական իրավիճակի, այդուհանդերձ, զեկույցում ներկայացված 3,2%-անոց աճը պայմանավորված էր ներքին գործոններով, այդ թվում` արտահանման աշխուժացմամբ: Մյուս կողմից, ըստ ԱՄՀ ներկայացուցչի, ներքին պահանջարկը Հայաստանում շարունակում է մնալ ճնշված:  

Այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի ԱՄՀ-ն Հայաստանի նոր կառավարությունից, Թերեզա Սանչեսը նշել է, որ իրենք նոր գործադիրի հետ շարունակում են աշխատել նույն գործելաոճով:

«Նոր վարչապետի հետ ունեցել ենք հանդիպումներ եւ կառուցողական քննարկումներ, լավ հարաբերությունների մեջ էինք նաեւ նախկինի հետ: Մեր առաքելությունը շարունակում է մնալ նույնը` օգնել Հայաստանին զարգանալ` անկախ քաղաքական փոփոխություններից»,- նշել է նա:

ԱՄՀ-ն 2016թ. համաշխարհային տնտեսության համար կանխատեսում է 3,1%, իսկ 2017թ.՝ 3,4% աճ:

ԱՊՀ տարածաշրջանի երկրներում (ներառյալ Վրաստանը) 2016թ. եւ 2017թ. ԱՄՀ-ն կանխատեսում է համապատասխանաբար հետեւյալ ցուցանիշները. Ռուսաստան՝ -0,8% եւ 1,1%, Ադրբեջան` -2,4% եւ 1,4%, Բելառուս` -3% եւ -0,5%, Վրաստան` 3,4% եւ 5,2%, Ղազախստան` -0,8% եւ 0,6%, Ղրղըզստան` 2,2% եւ 2,3%, Մոլդովա` 2% եւ 3%, Տաջիկստան` 6% եւ 4,5%, Թուրքմենստան` 5,4-ական տոկոս, Ուկրաինա` 1,5% եւ  2,5%, Ուզբեկստան` 6-ական տոկոս:

Դիտում՝ 3270
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW