ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ասել է, որ ոլորտում իրական աճ գրանցելու համար անհրաժեշտ են լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրներ:Այս մասին Իգնատի Առաքելյանն ասել է իր հրավիրած խորհրդակցության ժամանակ, որն ուղղված էր գյուղատնտեսության առաջիկա եւ հեռանակարային զարգացման ծրագրային հիմնադրույթների քննարկմանը: Նախարարի խոսքով` միջին հաշվով գյուղատնտեսության զարգացմանն ուղղված սուբսիդավորման ծավալը պետք է լինի ընդհանուր արտադրված գյուղմթերքի ծավալի 10-15%-ը, որպեսզի հնարավոր լինի զարգացնել ոլորտը:«Գյուղատնտեսության ոլորտում պետությունն իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնք, թեպետ, որոշակի արդյունքներ տվել են, սակայն այսօր բավարար չեն: Մենք ունենք մի իրավիճակ, երբ դժգոհ են բոլորը` թե´ գյուղացին, թե´ վերամշակողը, իսկ սա նշանակում է, որ սուբսիդավորման ծրագրերը սխալ են աշխատում, ուստի անհրաժեշտ է վերանայել մոտեցումները, օպտիմիզացնել դրանց իրականացման մեթոդները, որպեսզի «արտադրությունից մինչեւ շուկա» շղթայում ներգրավված բոլոր սուբյեկտները շահույթով աշխատեն»,- նշել է Իգնատի Առաքելյանը:Նրա խոսքով` անհրաժեշտ է ստեղծել պետական երաշխիքով գործող հիմնադրամ, որի միջոցով հնարավոր կլինի լուծումներ տալ գյուղատնտեսական ապրանքների արտադրման, վերամշակման եւ իրացման խնդիրներին, առավել մատչելի պայմաններով վարկավորում ապահովել գյուղոլորտի համար: Հիմնադրամը կունենա նաեւ գյուղատնտեսական միավորումների չիրացված արտադրանքի պետական երաշխիքով գնման եւ իրացման ֆինանսավորման գործառույթ, որը թույլ կտա արտադրող տնտեսություններին սպառել իրենց ավելցուկ արտադրանքը եւ ապահովել ֆինանսական կայունությունը: Նախարարի տեղակալներին հանձնարարվել է ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կզբաղվեն մարզային զարգացման 5 տարվա ծրագրերի մշակմամբ:Անդրադառնալով կոոպերատիվների ստեղծման խնդիրներին` Իգնատի Առաքելյանն ընդգծել է, որ պետք է լրացնել այն օրենսդրական բացերը, որոնք խանգարում են գյուղացիական տնտեսություններին միավորվել, ինչպես նաեւ ստեղծել լրացուցիչ խթաններ, այդ թվում` ներդրումների տեսքով պետական աջակցություն ցուցաբերելու միջոցով: Tweet Դիտում՝ 3648