Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերն ասել է, որ գերմանացի ձեռնարկատերերն աճող հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստան գալու, ընդ որում՝ ոչ զուտ առեւտրային նպատակներով: Այս մասին դեսպանն ասել է Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում:«Տնտեսական բնագավառում, անշուշտ, մենք շարունակ ավելի ու ավելի մեծ ներուժ ենք տեսնում: Գերմանիան այժմ արդեն Եվրամիության երկրների մեջ Հայաստանի ամենախոշոր առեւտրային գործընկերն է, եւ դա լավ է, սակայն մենք կարծում ենք, որ գերմանական ձեռնարկությունների համար ավելի մեծ հնարավորություններ կան այստեղ արտադրություն կազմակերպելու, ընդ որում՝ մի քանի պատճառներով: Դրանցից մեկն այն է, որ այստեղից շատ ավելի դյուրին է ռուսական շուկա մտնելը, քանի որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է: Հայաստանը եւ Իրանը շատ լավ հարաբերություններ ունեն, ուստի կարելի է արտադրել այստեղ եւ գուցե արտահանել նաեւ Իրան»,- ասել է Մաթիաս Քիսլերը:Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանը սկզբունքորեն փոքր, մեկուսացած երկիր է, ինչը, նրա խոսքով, առավելություն չէ: «Բայց երբ դուք լավ հարաբերություններ ունեք Իրանի հետ եւ նաեւ անդամակցում եք Եվրասիական տնտեսական միությանը, սա կարող է առավելություն դառնալ: Մենք փորձում ենք օգտվել դրանից, դեռեւս անցյալ շաբաթ ես հանդիպեցի գերմանական մի ընկերության ղեկավարի հետ, որը լրջորեն մտածում է այստեղ ներդրում կատարելու եւ արտադրություն կազմակերպելու ուղղությամբ: Մենք կհետեւենք արդյունքներին»,- նշել է Մաթիաս Քիսլերը:Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: Tweet Դիտում՝ 11324