Սամվել Գեւորգյան. Վարչապետի գործելաոճը լավատեսություն է ներշնչում

29.09.2016 | 11:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 28-ին ընդունել էր Հայաստանի գործատուների հանրապետական միության եւ սպառողների շահերը ներկայացնող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:

Banks.am-ի խնդրանքով Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամ, «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը կիսվել է հանդիպումից ստացած իր տպավորություններով, ներկայացրել քննարկված հարցերի շրջանակը:

«Նախ նշեմ, որ հանդիպումը նախատեսածից մեկ ժամ ավելի է տեւել: Մասնակիցները հանդիպման էին եկել կոնկրետ խնդիրներով եւ դրանց լուծում տալու իրենց տարբերակներով: Ըստ իս՝ սա արդեն վկայում է այն մասին, որ բիզնես եւ հասարակական հատվածները դրական փոփոխությունների ակնկալիքներ ունեն:

Վարչապետի աշխատանքային մոտեցումը եւ հարցերին արագ լուծում տալու պատրաստակամությունը պրոֆեսիոնալ կառավարչի ոճով էր: Մասնավորապես, հենց այսօրվա վրա հանդիպումեր նշանակվեցին համապատասխան նախարարների հետ՝ բարձրացված հարցերին ընթացք տալու նպատակով: Հուսադրող էր նաեւ այն հանգամանքը, որ նորանշանակ վարչապետը հստակ տիրապետում էր հանդիպմանը քննարկվող բոլոր հարցերին եւ այդ քննարկումներում բաց էր եւ անկաշկանդ»,- ասել է Սամվել Գեւորգյանը:

Հանդիպմանը բարձրացվել են ինչպես օպերատիվ լուծում պահանջող հարցեր, այնպես էլ միջնաժամկետ եւ երկարաժամկետ ապագային վերաբերող խնդիրներ:

Մասնավորապես, անդրադարձ է եղել մաքսային վարչարարության («փակ կոդեր»-ի եւ ինվոյսային արժեքով մաքսազերծման հարցերը), համայնքների կառավարման արդյունավետության բարձրացման, ընտանեկան ձեռներեցությանը խոչընդոտող հարցերին:

Քննարկվել են ձեռնարկատիրության հատվածում կոռուպցիոն ռիսկեր գեներացնող օղակների վերացման, ինչպես նաեւ պետական գնումների ոլորտում ՓՄՁ-ներին որոշակի քվոտաներ տրամադրելու հեռանկարը:

Սամվել Գեւորգյանի փոխանցմամբ՝ հանդիպմանն առանձնահատուկ ուշադրության են արժանացել սննդի անվտանգության հետ կապված հարցերը՝ «զգացվում էր, որ այս խնդիրը վարչապետի ամենօրյա ուշադրության կենտրոնում է»:

Հանդիպմանը մասնակցել են միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Սուրեն Կարայանը, որը, ըստ Սամվել Գեւորգյանի, «հարցերն ազատ քննարկելու եւ դրանց օպերատիվ լուծում տալու պատրաստակամությամբ էր տրամադրված»:

«Կառավարման նման գործելաոճը լավատեսություն է ներշնչում»,- եզրափակել է Սամվել Գեւորգյանը:

Դիտում՝ 31955
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW