Արցախի կառավարությունը հաստատել է ԼՂՀ 2017-2019 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:Որոշումը կայացվել է սեպտեմբերի 27-ին կայացած Արցախի Հանրապետության կառավարության նիստում:ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը նիստում ներկայացրել է «ԼՂՀ 2016թ.-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկները:Նա նշել է, որ նախատեսվում է 3 մլրդ դրամով նվազեցնել ԼՂՀ 2016թ. պետական բյուջեով նախատեսված հարկային եկամուտները: Առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է ԼՂՀ հարկատուների տնտեսական գործունեության արդյունքների վրա ս.թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետեւանքների ազդեցությամբ (մոտ 1.1 մլրդ դրամի չափով), փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը հարկային արտոնությունների տրամադրմանն ուղղված օրենսդրական փոփոխություններով (մոտ 0.3 մլրդ դրամի չափով), ինչպես նաեւ՝ խոշոր հարկատու` «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ կողմից վճարվող հարկային եկամուտների գծով 2016թ. պետական բյուջեի ձեւավորման ժամանակ իրենց իսկ կողմից կատարված կանխատեսումների պակասեցմամբ (մոտ 1.6 մլրդ դրամի չափով): Օրինագծով նախատեսվում է 2 մլրդ դրամով նվազեցնել ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի մի շարք հատկացումներ: Առաջարկվել է 2.7 մլրդ դրամով ավելացնել ԼՂՀ 2016թ. պետական բյուջեով նախատեսված կապիտալ ներդրումների ծրագրի հատկացումները: Օրենքի նախագիծը կուղարկվի ԼՂՀ ԱԺ քննարկմանը:ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով ծախսերի կրճատման վերաբերյալ կառավարության առաջարկին նշել է.«Նշված ծախսերի կրճատումները համաձայնեցված են գերատեսչությունների ղեկավարների հետ: Սոցիալական ծրագրերի ու ծախսերի կրճատումներ չունենք: Ինչ վերաբերում է ավելացված ծախսերին, դրանք հիմնականում կուղղվեն շինանյութերի ձեռքբերմանը, որոնց գերակշիռ մասը կտրամադրվի Քաշաթաղի շրջանին՝ բնակիչների բնակարանային պայմանների բարելավման նպատակով: Հատկացումներ կլինեն նաեւ Շահումյանի շրջանին եւ Մարտակերտի շրջանի՝ ապրիլյան ռազմական գործողությունների հետեւանքով տուժած բնակավայրերի վերականգնման աշխատանքներին: Շինարարության ոլորտում ավելացված ծախսերի մի մասն էլ ուղղվելու է սահմանամերձ համայնքների ճանապարհների բարեկարգման ընթացիկ աշխատանքներին: Ինչ վերաբերում է «Բեյզ Մեթըլս»-ի հարկային պարտավորությունների քիչ վճարումներին, ապա պետք է հաշվի առնել, որ դրանք պայմանավորված են գնային անկումով եւ ներդրումային ծրագրերով: Պղնձի միջազգային գինը նախատեսվածից ավելի ցածր է, իսկ մոտակա ժամանակահատվածում ընկերության կողմից իրականացվելիք ներդրումային ծրագրերի շնորհիվ գալիք տարուց զգալիորեն ավելանալու են արտահանվող հանքանյութի ծավալները: Արդյունքում, 2017-2019 թթ. ընկերության վճարած հարկերն ապահովելու են պետական բյուջեի եկամուտների լրացուցիչ աճը»: Tweet Դիտում՝ 2306