ԿԲ-ն 0,5 կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
27.09.2016 | 17:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) խորհուրդն այսօրվա նիստում որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6,75%:
Ինչպես նշել են ԿԲ-ում, 2016թ. օգոստոսին արձանագրվել է 0,5% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0,1% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ ամսվա վերջին կազմելով -1,9%:
ԿԲ գնահատականով` գնանկումային ցածր մակարդակը կպահպանվի նաեւ սեպտեմբերին, որից հետո մինչեւ տարեվերջ զգալիորեն կմեղմվի:
«Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը եւ միջազգային ապրանքային շուկաների հարաբերական կայունությունը, չնայած որոշ պարենային ապրանքների գծով դիտվել են թույլ գնաճային միտումներ»,- ասված է հաղորդագրությունում:
ԿԲ խորհուրդն առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ազդեցություններ չի ակնկալում:
Խորհուրդն արձանագրել է, որ 2016թ. առաջին կիսամյակի արդյունքներով արձանագրված տնտեսական բարձր ակտիվությունից հետո երրորդ եռամսյակում հրապարակված ցուցանիշները փաստում են տնտեսական աճի հեռանկարների վատթարացման մասին: Արդյունքում, վերանայվել են նաեւ ԿԲ սպասումները ներքին պահանջարկի զարգացումների վերաբերյալ:
Նման իրավիճակում ՀՀ ԿԲ-ն գնահատում է, որ դեռեւս պահպանվող համեմատաբար բարձր արտաքին պահանջարկը այլեւս ամբողջությամբ չի փոխհատուցում թույլ ներքին պահանջարկը, ինչը ռիսկեր է առաջացնում գնաճի կանխատեսված ցուցանիշից՝ նվազման ուղղությամբ շեղման առումով:
«Կարճաժամկետ հատվածում դեռեւս պահպանվող ցածր գնաճի, զգալիորեն նվազած գնաճային սպասումների, ինչպես նաեւ ցածր պահանջարկի հետեւանքով ավելացող գնանկումային ռիսկերի ներքո ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտել շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը, ինչի պարագայում գնանկումային միջավայրը մինչեւ տարեվերջ հիմնականում կչեզոքանա, եւ կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կվերադառնա նպատակային ցուցանիշին»,- նշել են ԿԲ-ում:
Խորհուրդը գնահատում է, որ չնայած կարճաժամկետ հատվածում գնանկումային ռիսկերը գերակշռում են, սակայն միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործման էական ռիսկեր չկան:
Լոմբարդային ռեպոների եւ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 8,25% եւ 5,25%:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: