Հայաստանի մաքսային ծառայությունը ներմուծողի հետ շփումը նվազեցնելու նպատակով ներդրել է համակարգ, որը հնարավորություն է տալիս մաքսային արժեքի հայտարարագիրը լրացնել էլեկտրոնային եղանակով:Ինչպես նշված է ծառայության պաշտոնական կայքում` ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության հետ փոխվել է ներմուծվող ապրանքների հայտարարագրման ընթացքում մաքսային արժեքի հայտարարագրման կարգը. երրորդ երկրներից ներմուծում կատարողն ապրանքների հայտարարագրի հետ միասին մաքսային մարմին է ներկայացնում մաքսային արժեքի հայտարարագիր, որում հիմնավորում է իր կողմից ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը: «Պետեկամուտների կոմիտեն, առաջնորդվելով մաքսային մարմնի եւ ներկրողի միջեւ փաստաթղթային շփումը նվազագույնի հասցնելու սկզբունքով, որպես ռազմավարություն է ընդունել փաստաթղթերի էլեկտրոնային ներկայացումը: Մաքսային արժեքի հայտարարագիրը ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում լրացվում է թղթային տարբերակով: Մենք առաջինն ենք անցնում էլեկտրոնային տարբերակի»,-ասել է ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Գեւորգ Սաղոյանը: Նոր կարգի շնորհիվ հայտարարատուն նախօրոք տեղեկացված է լինում մաքսային արժեքի հայտարարագրման գործընթացի, ներկայացվող պահանջներ եւ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի վերաբերյալ, ինչը թույլ է տալիս հայտարարագրման ընթացքում խուսափել լրացուցիչ հարցերից՝ արագացնելով հայտարարագրման ընթացքը: Հայտարարատուն հնարավորություն ունի նաեւ իր կողմից ներկայացված հայտարարագրում կատարելու ճշգրտումներ ինչպես ապրանքների բացթողումից առաջ, այնպես էլ դրանից հետո: Մաքսային մարմինն աշխատանքային մեկ օրվա ընթացքում պարտավոր է ընդունել հայտարարագիրը, ճշգրտում կատարել կամ համապատասխան հսկողություն նշանակել: «Հսկողություն նշանակելու դեպքում ապրանքը բաց է թողնվում, եւ ներմուծողը վճարում է մաքսատուրքն ու հարկերը՝ հաշվարկված իր կողմից ներկայացված մաքսային արժեքի համաձայն: Եթե 60 օրվա ընթացքում մաքսային մարմինն այլ արժեք է հիմնավորում, մաքսային արժեքի հայտարարագրում կատարվում է ճշգրտում, եւ գանձվում են այն հարկերը կամ տուրքերը, որոնք պետք է ներմուծողը վճարեր սահմանը հատելիս»,- ընդգծել է Գեւորգ Սաղոյանը: Էլեկտրոնային համակարգն արդեն անցել է փորձարկման փուլը: Առաջիկայում նախատեսվում է դասընթաց կազմակերպել ներմուծողների եւ մաքսային միջնորդների համար՝ համակարգի գործառնման կարգին ծանոթացնելու նպատակով: Tweet Դիտում՝ 3191