Արծվիկ Մինասյանն ամփոփել է իր 7-ամսյա գործունեությունը

23.09.2016 | 15:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողներին ներկայացրել է իր պաշտոնավարման 7 ամիսների ընթացքում իրականացված աշխատանքները:

Նրա խոսքով` նախարարության առաջնային խնդիրը եղել է տնտեսական զարգացման եւ մոնիթորինգի իրականացումը, որը, ըստ նրա, չի հաջողվել լիարժեք իրականացվել` կապված «անհրաժեշտ լիազորություններով օժտված չլինելու եւ ֆինանսական ռեսուրսների անբավարարության հետ»:

«Կարծում եմ` էկոնոմիկայի նախարարությունը՝ այս խնդիրներով, լիազորություններով եւ ֆինանսավորման ծավալներով, իսկապես ռեֆորմների կարիք ունի, որոնք կբերեն թե՛ ոլորտների, թե՛ խնդիրների առավել արդյունավետ լուծմանը»,- ասել է Արծվիկ Մինասյանը:

Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ իրենց հաջողվել է հաջողություններ գրանցել ներդրումների խթանման ուղղությամբ` հնարավորինս վերացնելով ներդրումների իրականացման գործընթացում առաջացող խոչընդոտները, մշակելով ներդրողների աջակցության հետներդրումային (aftercare) մոտեցում, որը ենթադրում է շարունակական աջակցություն:

Բացի այդ, մշակվել են ներդրումային նախագծեր` ներկայացնելով Հայաստանը` որպես ներդրումային գրավիչ երկիր, բարելավվել է գործարար միջավայրը, գրանցվել են հաջողություններ ՏՏ ոլորտում:

Նախարարի պաշտոնակատարը կարեւորել է իրենց իրականացրած քայլերը` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության վերանայման եւ հստակեցման ուղղությամբ, ինչպես նաեւ մի շարք արտասահմանյան ընկերությունների հետ բանակցության արդյունքում ձեռք բերված շուրջ $500 մլն ներդրումային «խոստումները»:

Ըստ Արծվիկ Մինասյանի` նախարարությունն այս 7 ամիսներին աշխատել է գերծանրաբեռնված ռեժիմով` ամսական վարելով շուրջ 3000 թղթակցություն, որից առնվազն 2000-ը բովանդակային առումով պահանջում է վերլուծություն, ուսումնասիրություն եւ պատասխան:

«Առաջին իսկ օրվանից կադրային քաղաքականության հիմքում դրել եմ երեք հիմնական սկզբունք` պրոֆեսիոնալիզմ, հայրենասիրություն եւ պատասխանատվություն: Ինձ համար սկզբունքային է եղել, որ ղեկավարի նկատմամբ հարգանքը լինի մոտիվացիա, այլ ոչ թե նրա խիստ կամ, որոշ շրջանակների համար ընդունելի, կոպիտ վարքագիծը»,- նշել է նա` հավելելով, որ հետագայում եւս կշարունակի հավատարիմ մնալ իր սկզբունքներին:

Դիտում՝ 3673
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW