Մոսկվայում անցկացված «Դրամների համաստեղություն-2016» միջազգային տասներորդ հոբելյանական մրցույթում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2015թ. թողարկված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» արծաթե հուշադրամը «Տարվա հուշադրամը» անվանակարգում զբաղեցրել է առաջին տեղը:Հուշադրամի անվանական արժեքը 100 դրամ է, մետաղը՝ 9250 հարգի արծաթ, տպաքանակը՝ 1000 հատ: Էսքիզների հեղինակներն են Սուրեն Սիմոնյանը եւ Արամ Ուռուտյանը: Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում: Արծաթե հուշադրամի դիմերեսին պատկերված են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ. սգվոր մոր հուշարձան (Իժեւսկ), երգահան Կոմիտասին նվիրված հուշարձան (Փարիզ), խաչքար-հուշարձան (Էջմիածին), հուշասյուն-խաչքար (Գլենդել), Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (Երեւան): Մակագրություններն են` «Հայաստանի Հանրապետություն», «100 դրամ», «Republic of Armenia» եւ «Armenian Genocide»:Հուշադրամի դարձերեսին պատկերված են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ. հուշարձան՝ հայ հայդուկներին (Ուջան), հուշակոթողի մի հատված արծվի տեսքով (Հալեպ), հուշատախտակի մի հատված` կնոջ քանդակ (Սան Պաուլու), խաչքար (Անտվերպեն): Մակագրություններն են` «Հայոց ցեղասպանություն», «1915-2015»:«Դրամների համաստեղություն» հուշադրամների միջազգային մրցույթն անցկացվում է 2007-ից: Այս տարի մրցույթին մասնակցել է 44 կազմակերպություն 29 երկրից, ներկայացված է եղել ավելի քան 240 հուշադրամ եւ 21 հավաքածու: Մրցույթի հաղթողներին որոշել է ժյուրին՝ կազմված համաշխարհային հայտնի թանգարանների եւ աճուրդի տների, կենտրոնական բանկերի, հուշադրամներ մատակարարող ընկերությունների, դրամագիտական ասոցիացիաների եւ մասնագիտացված հրատարակչությունների փորձագետներից: Tweet Դիտում՝ 3808