ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի մեկնարկին ներկայացրել է նորանշանակ չորս նախարարներին:«Շնորհավորում եմ մեր նոր թիմակիցներին: Պարոն Արամյանը ֆինանսական աշխարհում հայտնի անձնավորություն է եւ, երեւի առանձնապես ներկայացնել պետք չէ: Ինքն իր առջեւ դրված խնդիրները շատ լավ գիտի»,- ասել է վարչապետը՝ ներկայացնելով ֆինանսների նախարար Վարդան Արամյանին: Անդրադառնալով գյուղատնտեսության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարներին՝ կառավարության ղեկավարը նկատել է.«Իգնատի Առաքելյանը, Վահան Մարտիրոսյանը եւ Աշոտ Մանուկյանն ընտրվել են հետեւյալ չափանիշների հիման վրա՝ երեքն էլ համապատասխան ոլորտների կառավարիչներ են, իրենց բավական լավ են դրսեւորել, համեստ ու պարկեշտ մարդիկ են, կառավարման նոր մշակույթի կրողներ են: Ակնկալում եմ, որ առաջիկայում նրանք կներկայացնեն ոլորտի զարգացման վերաբերյալ իրենց պատկերացումներն ու ծրագրերը: Ակնկալում եմ ռեալ ու շատ համարձակ քայլեր: Դուք հնարավորություն ունեք Ձեր երազած ոլորտը կառուցել, երկիրը փոխել, լավ միջավայր ստեղծել»,- ասել է Կարեն Կարապետյանը: Վարչապետն ընդգծել է, որ մեծ ակնկալիքներ ունի նորանշանակ նախարարներից՝ ներառյալ կառավարման համակարգի վերանայումը:«Այժմ քննարկվում է, որ նախարարություններն ու գերատեսչություններն ունենան հայտանիշեր, որոնցով կգնահատվի նրանց աշխատանքը: Այդտեղ անպայման ներգրավված կլինի մի գործոն, թե տվյալ ոլորտը որքան ներդրում է ներգրավում»,-եզրափակել է վարչապետը: Tweet Դիտում՝ 18428