Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչեանն այսօր ասել է, որ Իրանում արեւմտյան պատժամիջոցների վերացումից հետո մեծ հետաքրքրություն կա ՀՀ ֆինանսական պրոդուկտների նկատմամբ, այդ թվում` իրանա-հայկական դրամական հոսքերը սպասարկելու նպատակով:Այս մասին Կարեն Մկրտիչեանն ասել է լրագրողների հետ զրույցում՝ ներկայացնելով Թեհրանում հոկտեմբերի 5-8-ը կայանալիք «Հայաստան էքսպո 2016» հայկական ապրանքների եւ ծառայությունների ցուցահանդեսի մանրամասները:Նրա խոսքով` ցուցահանդեսին կներկայանան ընկերություններ գրեթե բոլոր ոլորտներից. ֆինանսական հատվածից, մասնավորապես, կմասնակցեն Ամերիաբանկը, Յունիբանկը, Հայբիզնեսբանկը, «Ինգո Արմենիա»-ն եւ Telcell-ը:«Միջոցառման նպատակն է իրանական շուկային ներկայացնել Հայաստանի տնտեսության ներուժն ու զարգացման հնարավորությունները` բացահայտելով մեր երկրի միջոցով նոր շուկաներ (ԵԱՏՄ) դուրս գալու առավելությունները: Հուսով եմ` ցուցահանդեսի ընթացքում հայ եւ իրանցի ձեռներեցների միջեւ կհաստատվեն նոր գործարար կապեր, եւ կքննարկվեն ներդրումային ծրագրեր»,- նշել է Կարեն Մկրտիչեանը:Նա տեղեկացրել է, որ ընկերություններին տաղավարները տրամադրվելու են անհատույց, իսկ բեռնափոխադրման ծախսերն իր վրա է վերցնելու Հայ-իրանական առեւտրաարդյունաբերական պալատը:«Իրանական կողմն էքսպոյի տարածքը Հայաստանին հատկացրել է անվճար, փոխարենը պարտավորվել ենք նմանատիպ ցուցահանդես Իրանի համար կազմակերպել Հայաստանում»,- պարզաբանել է նա:ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն էլ նշել է, որ մինչ էքսպոյի կազմակերպումն իրականացվել է իրանական շուկայի ուսումնասիրություն, ըստ որի` Իրանում հետաքրքրություն կա հատկապես հայկական ոչխարի մսի, ծխախոտի, հանքային ջրերի, կուտակիչների եւ պոմպերի նկատմամբ: «Հայաստանի կառավարությունն արտահանման ծավալների մեծացման նպատակով որդեգրել եւ իրականացնում է ակտիվ եւ բազմավեկտոր քաղաքականություն, որի շրջանակում դիտարկվում է նաեւ այս ցուցահանդեսը։ Մենք կարեւորում եւ առաջնային ենք համարում Իրանի հետ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարաբերությունների խորացումն ու փոխշահավետ համագործակցությունը», - ընդգծել է նա:ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանի կարծիքով` այսօր առկա են բոլոր նախապայմանները` մեծացնելու իրանական շուկայի նկատմամբ հայկական բիզնեսի հետաքրքրությունը: Մասնավորապես, Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը, ԵԱՏՄ-Իրան համագործակցության ընդլայնումն ու առեւտրի հնարավոր ազատականացումը, ինչպես նաեւ «Հայաստանի եւ Իրանի ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող ջերմ, բարեկամական հարաբերությունները»: «Ժամանակի հրամայական է՝ Հայաստանը դարձնել գործարար հարթակ՝ Իրանի հետ հարաբերությունների զարգացման ցանկություն ունեցող երկրների եւ ընկերությունների համար»,- նշել է նա:Ռոբերտ Հարությունյանը նաեւ տեղեկացրել է, որ Թեհրանում կայանալիք էքսպոյի շրջանակում փորձելու են բանակցել նաեւ Իրան-Հայաստան սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծման շուրջ: Tweet Դիտում՝ 14087