ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հարկային արտոնություն է շնորհել արտահագուստի արտադրությամբ զբաղվող «Նանման» ընկերությանը:Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ՝ վերոնշյալ ընկերությանը տված արտոնությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման եւ նոր աշխատատեղերի բացման համար: «Ընկերությունը ներկայում իր արտադրական գործունեությունն ապահովելու համար նախատեսում է Չինաստանից ներմուծել ջինսե գործվածք (դենիմ), որը, ըստ ընկերության, ԵԱՏՄ անդամ երկրներում չի արտադրվում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել շուրջ 13.5 մլն ՀՀ դրամի ներդրում եւ ստեղծել 3 նոր աշխատատեղ՝ 78 հազ. ՀՀ դրամ միջին աշխատավարձով»,- նշել է նախարարը:Արծվիկ Մինասյանը ներկայացրել է նաեւ թեթեւ արդյունաբերության ոլորտում իրականացվող քաղաքականությունը եւ ոլորտի ներկայացուցիչներին տրվող արտոնությունները, որին ի պատասխան վարչապետը հետաքրքրվել է, թե արդյոք նախարարությունը հետեւում է արտոնություն ստացած ընկերությունների հետագա ճակատագրին եւ պարտականությունների կատարմանը: Արծվիկ Մինասյանը նկատել է, որ նման համակարգ գոյություն չունի, որը կպարզի վարչապետի հարցադրման իսկությունը՝ նշելով, որ ընկերություն այցելությունը դիտվում է որպես միջամտություն ներքին աշխատանքին, հետեւաբար՝ տեղեկություն փորձում են ստանալ հարցումների տեսքով:«Պարոն Մինասյան, ես չեմ ասում՝ դուք գնաք, բիզնեսից տեղեկանք ուզեք: Դուք, լինելով էկոնոմիկայի նախարար եւ տալով արտոնություններ բիզնեսին, ստեղծելով բարենպաստ պայմաններ, որպեսզի բիզնեսը զարգանա, ստեղծի աշխատատեղ, հետաձգում եք գումարներ: Սակայն հետագայում որեւէ մոնիտորինգ չի՞ արվում, թե արդյոք բիզնեսը, ստանալով արտոնություն, կատարեց իր ստանձնած պարտավորությունները, թե ոչ»,- ասել է Կարեն Կարապետյանը:Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ որպես բիզնեսին աջակցող կառույց՝ էկոնոմիկայի նախարարությունը պետք է գործարարների կողքին լինի:Վարչապետը կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել արտոնության համար դիմող ընկերությունների դասակարգմանը եւ հնարավորինս վերացնել բյուրոկրատիան:«Պետք է լինի ձեւակերպված խաղի կանոն, թե որի դեպքում ենք մենք տալիս արտոնություն: Մնացած առանձին դեպքերը հատուկ կնայենք»,- նկատել է Կարեն Կարապետյանը: Tweet Դիտում՝ 4304